Գործադիրը մոտ 213 մլն դրամ է նվիրաբերել «Այբ»-ին. Կրթության գերազանցության ազգային ծրագիրը սկսվում է

Գործադիրը մոտ 213 մլն դրամ է նվիրաբերել «Այբ»-ին. Կրթության գերազանցության ազգային ծրագիրը սկսվում է

PanARMENIAN.Net - Կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում որոշել է պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 213 միլիոն 838 հազար դրամ:

Կառավարությունից հայտնում են, որ «Այբ» կրթական հիմնադրամը, գործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում է իրականացնել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի մոտ 2.000 միջազգային որակավորման ուսուցիչ: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ, կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Ծրագրի մեկնարկի մասին սեպտեմբերի 13-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացմանը, հանդիպելով Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած ուսուցիչների հետ, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ:

«Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը»,- նշել է նախագահը:

Հուլիսի 12-ին ընդունված որոշման համաձայն` ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու մոտեցումը: Դրա համար անհրաժեշտ է կրթական համակարգ ներգրավել լավագույն կադրերին, կիրառել միջազգային փորձը, բացահայտել և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, զարգացնել մանկավարժների ազգային հավաստագրման ծրագիրը և այլն:

Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:


Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ամբողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:


 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---