ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին. Կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է

ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին. Կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուստեք համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: ՀՀ նախագահը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների և որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար:

Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հերբերտ Զալբերը հանդիպել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձել հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին և Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Եվրոպական միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ և սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---