2015-ի հուլիսից Հայաստանը կանցնի թվային հեռուստատեսային հեռարձակման

2015-ի հուլիսից Հայաստանը կանցնի թվային հեռուստատեսային հեռարձակման

PanARMENIAN.Net - Հայաստանում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցնելու աշխատանքների ավելի քան 80 տոկոսը կատարված է: Մեր երկրում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015-ի հուլիսի 10-ից ամբողջովին անցում կկատարվի թվային համակարգի:

Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ, ետղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարությունից։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով:

Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Ընկերության կողմից առաքվել է պայմանագրով նախատեսված սարքավորումների 88 տոկոսը։ Թվայնացման տեխնիկական առաջադրանքը 12 մլն դոլար էր գնահատվել, որից անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված է ավելի քան 8 մլն դոլար:

Ենթակառուցվածքի նախապատրաստման միջոցառումների շրջանակում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի (ՀՀՌՑ) կողմից ավարտվել է Երևանի գլխամասային կայանի և մարզային 5 կայանների տեխնիկական տարածքների վերանորոգման և համապատասխանեցման աշխատանքները։ Ավարտվել է Երևանի գլխամասային կայանի մոնտաժման աշխատանքների առաջին փուլը։ Աշտարակի 270մ մակարդակում, որը մոտավորապես 100 հարկանի շենքի բարձրություն է, ներկայում մոնտաժվում է 96 պանելներից բաղկացած համակարգը, որը պահում է անտենայի պանելային գոտիները։ Կայանի վերջնական մոնտաժը և թեսթավորումը կիրականացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Մարզային միկրովերահաղորդիչ կայաններում տեղադրելու համար ձեռք է բերվել 95 նոր աշտարակ և 150 հեռահաղորդակցման խցիկ։ Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում ավարտվել են նոր հեռուստաաշտարակների հիմքերի տեղադրման աշխատանքները: Մյուս մարզերում ընթացքի մեջ է հիմքերի փորման, զուգահեռաբար՝ նաև դրանց տեղադրման գործընթացը։ Հայաստանում ամբողջական հեռուստածածկույթ ապահովելու նպատակով ավելի քան 95 նոր հեռուստակայան կստեղծվի։ Այդ բոլոր աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում։

«Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելուց հետո Երևանի և մերձակա բնակավայրերի բնակիչները, հնարավորություն կունենան բացառապես անվճար դիտելու 18, իսկ մարզային բնակավայրերում՝ 9 հեռուստածրագրեր: Ներկայում գոյություն ունեցող բոլոր ալիքները ներառված կլինեն սոցիալական փաթեթի մեջ», - նշվում է նախարարության հաղորդագրությունում։

Թվային հեռուստատեսությանն անցումը կատարվում է համաձայն 2010 թվականին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների: Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կանցնի թվային հեռուստատեսային հեռարձակման 2015-ի հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---