Ա. Սաղաթելյան. Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահի դիրքորոշումը, հավանաբար, հայտնի կդառնա փետրվար-մարտին

Ա. Սաղաթելյան. Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահի դիրքորոշումը, հավանաբար, հայտնի կդառնա փետրվար-մարտին

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015-ի փետրվար-մարտին։ Այս մասին ասել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Նա ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովն իր ստեղծումից մինչ օրս մեծածավալ ու հիմնարար աշխատանք է կատարել:

«Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը: Շնորհակալ ենք նաև բոլոր այն հասարակական-քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական կառույցներին ու մասնագետներին, որոնք ակտիվ և արդյունավետ մասնակցել են այս կարևորագույն գործընթացին»,- նշել է Սաղաթելյանը, գրում է Tert.am-ը:

Հոկտեմբերի 15-ին նախագահին առընթեր հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել էր նախագահին ու հրապարակվել: Բացի այդ, հրապարակվել էր նաև Վենետիկի հանձնաժողով եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:

Եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում էր, թե հայեցակարգի նախագիծը «լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար», որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու հարցում: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

Նախագահի մամուլի խոսնակի խոսքով, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ փաստել է, որ հայեցակարգում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են իր ավանդական դիրքորոշումներին և հատուկ շեշտել, որ սահմանադրական հանձնաժողովի անդամերի հետ հանդիպումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել, իսկ հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բացթողնել:

«Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք կանխորոշված են նախագահի 2013-ի սեպտեմերի 4-ի հրամանագրով: Հանրապետության նախագահը լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն»,- ընդգծել է Սաղաթելյանը:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ընդգծված քաղաքական բաղադրիչ ունեն, այդ առթիվ լրացուցիչ քաղաքական քննարկումներ են ակնկալվում և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա, եզրափակել է Արման Սաղաթելյանը:

Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հանձաժողովն ապրիլի 10-ին նախագահին էր ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը 45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---