Նախարարը շտապո՞ւմ է հանքի գործարկման հարցում. Ամուլսարի շահագործման բնապահպանական փորձաքննությունը դեռ ավարտված չէ

Նախարարը շտապո՞ւմ է հանքի գործարկման հարցում. Ամուլսարի շահագործման բնապահպանական փորձաքննությունը դեռ ավարտված չէ

PanARMENIAN.Net - SOS Ամուլսար նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին` նշելով, որ մինչև բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը Ամուլսարի ոսկու հանքի գործարկման մասին վերջինիս հրապարակային հայտարարությունը կասկածի տակ է դնում ինչպես նախագծի ՇՄԱԳ-ի ամբողջ գործընթացի իրավազորությունը և անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ նախնական գնահատականներով, Ամուլսարի հանքավայրի մշակման ներդրումային ծրագիրը կկազմի 350-400 մլն դոլար։

«Արդեն սկսվել են նախագծման աշխատանքները, և հաջորդ տարի կսկսվի շինարարությունն Ամուլսարի հանքավայրում։ Խնդիրներ են եղել տեղի բնակչության և բնապահպանների հետ, սակայն ընկերությունը պարտավորվել է լուծել բոլոր բնապահպանական հարցերը և կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որnնք չեն ազդի բնապահպանության վրա»,– ասել է Ճշմարիտյանը՝ հավելելով, որ Ամուլսարի հանքավայրի վերամշակումից արտահանման ծավալը կկազմի տարեկան 150-250 մլն դոլար, հաղորդում է Arka գործակալությունը։

Նախաձեռնությունը նախարարի ուշադրությունն է հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ), գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ:

«Ենթադրվում է, որ ամբողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, և որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բասացական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցչի բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած Lydian International ընկերության հիմնական ներդրողներն են»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա` Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։

Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով` Ամուլսարի հանքավայրի մշակումը թույլ կտա մինչև 2016-2017 թվականներն արտահանել 12-14 տոննա դորե ոսկու ձուլվածք։ Ծրագրվում է, որ Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին և իրենից կներկայացնի շուրջ 300-350 մլն դոլարի ներդրումային խոշոր ծրագիր։ Հանքի շահագործման մեջ մասնակցության հարցում շահագրգռված է Lydian International բրիտանական ընկերությունը, որը 2014 թվականի հուլիսի վերջին Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել։

Ոսկու նոր հանքավայրը հայտնաբերել է «Գեոթիմ» ընկերությունը (Lydian International–ի 100% հայկական «դուստր») 2006 թվականին Վայոց Ձորի մարզում անցկացված երկրաբանա–հետախուզական աշխատանքների արդյունքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---