Վաշինգտոնը հայտարարել է Ադրբեջանում ՈԿԿ-ների հետապնդումների անթույլատրելիության մասին

Վաշինգտոնը հայտարարել է Ադրբեջանում ՈԿԿ-ների հետապնդումների անթույլատրելիության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությունների հետ կոշտ բանակցություններ է վարում արտասահմանյան և տեղական ՈԿԿ-ների հետապնդումների անթույլատրելիության մասին:

Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան: «Մենք բաց տեքստով Ադրբեջանի կառավարության ուշադրությանն ենք հասցրել այն դրույթը, որ երկրի երկարաժամկետ կայունության ու զարգացման գրավականն ազատությունների ապահովումն է քաղաքացիների համար երկրի բոլոր ոլորտներում: Մենք գտնում ենք, որ սեփական քաղաքացիների հանդեպ հանդուրժողականությունը կապահովի երկրի բարենպաստ ապագան»,-հայտարարել է դիվանագետը, գրում է Haqqin.az-ը:

Բաքուն շատ նյարդային արձագանքեց ամերիկացի դիվանագետի հայտարարությանը: «Ցավոք, վերջերս ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարը հանդես է գալիս Ադրբեջանի հետ կապված չհիմնավորված, ճշմարտությունը չարտացոլող հայտարարություններով: Հավանաբար, նման միջամտությունը երկրի ներքին գործերին և ճնշում գործադրելն առավել ընդունելի է համարվում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը, հայտնում է Trend-ը:

Միաժամանակ, Ադրբեջանը հերթական անգամ խստացրել է ՀԿ-ներին ներկայացվող պահանջները: Խորհրդարանն ուղղումներ է կատարել ՈԿԿ-ներին վերաբերող օրենսդրության դրույթների մեջ, որով նախատեսվում է արտասահմանյան դրամաշնորհների տրամադրումն արտոնել միայն եկրի կառավարության թույլտվությամբ, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:

Այժմ, դոնորները պետք է հիմնավորեն այս կամ այն նախագծի իրագործման պահանջն Ադրբեջանում՝ ինչպես գաղափարը, այնպես էլ դրա ֆինանսավորման անհրաժեշտությունը, քանի որ արտերկրի դոնորներից դրամաշնորհներ ստացող ՈԿԿ-ները «նրանց դուդուկի տակ են պարում»,-համարում է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մամեդովան: «Հիմա մեր պայմանները հետևյալն են: Ով ուզում է, թող աշխատի մեզ հետ, ոը դրամաշնորհներ ստանա ՈԿԿ-ների աջակցության խորհրդից: Ով չի ուզում, թող դիմի արտերկրի հովանավորներին»,-ասել է նա լսումների ժամանակ:

Vesti.az-ը հայտնում է, որ սկսել է իրականացվել համաներման մասին հրամանը: Այդ թվում տարբեր մեղադրանքներով ձերբակալված քաղբանտարկյալների մասով, որոնք համաձայնվել են ապաշխարել ու ներման մասին խնդրագիր ներկայացնել:

Ընդ որում, այլախոհների հետապնդման ամենաաղմկահարույց դեպքը՝ քաղաքագետ Արիֆ Յունուսի և իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքը կարող է երկարացվել: Ինչպես գրում է contact.az-ը, դատավարությունը Լեյլա Յունուսի ձերբակալության ժամկետը երկարացնելու վերաբերյալ սպասվում է հաջորդ շաբաթ, ասվում է Human Rights Watch հայտարարության մեջ:

«Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ամուսիններին և հանեն նրանց ներկայացված մեղադրանքները, հետաքննեն Լեյլա Յունուսի դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունները և մեղավորներին պատասխանատվության կանչել: Լեյլա և Արիֆ Յունուսների չհիմնավորված ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության բացահայտ փորձն է՝ լռեցնել ամուսիններին»,-ասվում է HRW փոխտնօրեն Ռեյչել Դենբերի մեկնաբանության մեջ:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---