Ռուսաստանցիների եկամուտները մեկ ամսում 7%-ով նվազել են

Ռուսաստանցիների եկամուտները մեկ ամսում 7%-ով նվազել են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի բնակչության իրական դրամական եկամուտները, ըստ նախնական տվյալների, 2014-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 6,7%-ով: Այդ մասին գրում է Lenta.ru-ն, Ռուաստանի տվյալների վրա հղումով: 2013-ի սեպտեմբերի համեմատ` աճը կազմել է 0,6%:

Գնաճը տարեկան կտրվածքով սեպտեմբերի վերջում կազմել է 6,3%: Ավելի վաղ Կենտրոնական բանկը գնաճ էր նախատեսել 8%-ի սահմանում 2014-ի ավարտին: Հաշվիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան չի բացառել, որ գնաճի տեմպերը կարող են ավելին լինել:

«Ռոսիյսկայա գազետան» իր հերթին հայտնում է, որ 2013-ի սեպտեմբերի համեմատ իրական դրամական միջոցներն աճել են 0,6%-ով: Հուլիսին եկամուտի այդ տեսակը աճել է 2,5%-ով, իսկ 2014-ի օգոստոսին՝ 3,4 %-ով: «Տարեկան կտրվածքով «ճոճանակ» է գրանցվել՝ եկամուտները մեկ աճել են, մեկ՝ նվազել: Արդյունքում 2014-ի հունվար-սեպտեմբերին բնակչության իրական եկամուտներն ավելացել են 0,7%-ով 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,-գրում է պարբերականը:

Գնաճն ու բնակչության եկամուտների նվազումը զգալի չափով կախված են Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցներից` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով ու նավթի գների անկումով:

Ռուսաստանում սննդամթերքը թանկացավ արևմտյան երկրներից սննդամթերքի ներկրման արգելքի կիրառման հետևանքով, այն դեպքում երբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել որոշ պաշտոնյաների, ինչպես նաև ընկերությունների դեմ նավթագազային, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում: Հարվածի տակ հայտնվեցին «Սբերբանկը» ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Ռոսսելխոզբանկը և մյուսները: Արևմտյան ընկերություններին արգելվեց գործակցել նավթի հորատման, հետախուզման ու արդյունահանման համար վարկերի տրամադրման հարցում և սահմանափակեցին վերադարձնելու ժամկետը 30 օրով:

Ինտերֆաքսն իր հերթին հայտնում է, որ Moody's Investors Service գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշը Baa1 մինչև Baa2-ը, ասվում է կազմակերպության կայքում: Կանխատեսումը՝ բացասական է: Պատճառների առանցքային գործոնների թվում նշվում է Ուկրաինայի ճգնաժամը, ՌԴ դեմ պատժամիջոցներն ու կապիտալի փախուստը երկրից, ինչպես նաև նավթի գնի անկումը:

Ըստ ԱՄՀ տվյալների մինչև տարեվերջ ՌԴ ՀՆԱ աճը կկազմի 0,2%:

Ռուսական տնտեսության անկումը բացասաբար կազդի նաև Հայաստանի վրա: 2014-ի առաջին 8 ամիսներին հայկական արտահանումը Ռուսաստան կազմել է 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Արտահանման ծավալների նվազումը արագանում է՝ աննշան 0,6%-ից առաջին եռամսյակում այն հասել է 6,4%-ի կիսամյակի ավարտին և արդեն 8,2%-ի 8 ամիսների համար: Իրավիճակի վատթարացումը Ռուսաստանում անդրադառնում է նաև դրամական փոխանցումների վրա՝ հուլիսին ՌԴ-ից փոխանցվել է մոտ 169 մլն դոլար՝ 6,6%-ով ավելի քիչ, քան 2013-ի հուլիսին, օգոստոսին ՌԴ-ից փոխանցվել է 161 մլն դոլար՝ անկումը՝ 4,2% ամսվա և 7% նախորդ տարվա օգոստոսի համեմատ: Moody's-ը կանխատեսում է ՀՀ տնտեսության աճի նվազում 2014 և 2015 թթ՝ ՀՆԱ կանխատեսումը նվազել է 3,2%-ից մինչև 2,1% 2014-ի համար և 2,3-ից մինչև 3,6% 2015- համար: ՀՀ ԿԲ-ն աճի կանխատեսումը բյուջեով նախատեսված 5,2%-ից իջեցրել է մինչև 3.6-4.2%, իսկ 2015-ի բյուջեով աճը կանխատեսվում է 4,1%:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---