«Մեծ կաշառքի» գործը փակվելու է. Ստամբուլի դատախազությունը դադարեցրել է քրգործով հետապնդումները

«Մեծ կաշառքի» գործը փակվելու է. Ստամբուլի դատախազությունը դադարեցրել է քրգործով հետապնդումները

PanARMENIAN.Net - Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտնի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ սկսված քրեական գործի շրջանակում 53 անձի մասով դատական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:

Թուրքական Haber emek լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է, որ մայիսի 2-ին նման որոշում կայացվել էր գործով անցնող ևս 60 անձի վերաբերյալ, որոնց շարքում են եղել հայտնի թուրք գործարար Ալի Աղաօղլուն ու նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի որդին: Այսպիսով դեկտեմբերի 2013-ի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով այլևս մեղադրյալ չկա, ինչն ինքնաբերաբար հանգեցնելու է գործի փակմանը:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ էր ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական էին տվել: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրել էր Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:

Հունվարին դատախազության տեսադաշտում էին հայտնվել ՆԳՆ, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախկին նախարարները: Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ՝ 10 մլն դոլար ընհանուր գումարի: ԵՄ գծով նախկին նախարար Էգեմեն Բաղիշը մեղադրվում էր ընդհանուր առմամբ 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեղադրվում էր 52 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է կազմում: Կոռուպցիոն սկանդալի տնտեսական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---