Ֆաթիհ Աքին. Ցեղասպանության մասին խոսելու համարձակություն Ջեմալ փաշայի թոռան գրքից եմ քաղել

Ֆաթիհ Աքին. Ցեղասպանության մասին խոսելու համարձակություն Ջեմալ փաշայի թոռան գրքից եմ քաղել

PanARMENIAN.Net - Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը ցեղասպանությանը նվիրված չէ, և ոչ էլ քաղաքական: Այդ պատմությունը, ըստ ռեժիսորի, Հայոց ցեղասպանության հետնաբեմում է, սակայն այն ցեղասպանության մասին չէ:

«Քաղաքական գործիչ չեմ, և այդ պատճառով էլ ֆիլմում քաղաքականությամբ չեմ զբաղվել: Պատմության ցավալի և դեռ չքննարկված դեպքերի մասին մի պատմություն եմ պատմում»,- թուրքական Evrensel պարբերականին տված իր հարցազրույցում ասել է ռեժիսորը:

Նա նշել է, որ «Սպի» ֆիլմը ներկայացնում է դստրերին գտնելու համար ամբողջ աշխարհը պտտած հոր պատմությունը. մի կողմից գաղթի, մյուս կողմից այլ երկրում տեղավորվելու պատմություն է, հարցազրույցը մեջբերում է Tert.am-ը:

Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը Թուրքիայում դեռևս չցուցադրած, Աքինն արդեն սպառնալիքներ է ստանում: Նա նշում է, որ ցեղասպանության թեման արծարծելու համար իրեն համարձակություն տվողը եղել է գրող, լրագրող, Հասան Ջեմալի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը:

«Եթե այդ ժամանակաշրջանի համար պատասխանատու փաշաներից մեկի թոռն օգտագործում է այդ բառը, ես ինչո՞ւ չօգտագործեմ: Այդ գիրքը վաճառվում է գրախանութներում, դրվում է ցուցափեղկերին»,-ասել է նա:

Խոսելով ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մասին, ռեժիսորն ասել է, որ թեմային առնչվող մոտ 100 գիրք է կարդացել: Դրանց թվում Կուբա գաղթած մի հայի կենսագրականը, առանց ընտանիք մնացած երեխաների մասին նյութեր, անգամ՝ Հալեպի հասարակաց տների մասին պատմություններ կային.

«Կյանքումս առաջին անգամ Հայաստան գնացի: Անշուշտ, եղա նաև Ցեղասպանության թանգարանում, ծանոթացա տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Նա ինձ պատմեց, որ շատ հայեր նախ Կուբա, հետո Ամերիկա են փախել: Դա անգամ հայերից շատերը չգիտեն: Ֆիլմումս դա էլ օգտագործեցի»:

Անդրադառնալով Թուրքիայում տաբու համարվող Ցեղասպանության թեմային, Աքինն ասել է, որ դեռևս 7 տարի առաջ, երբ սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը, Ստամբուլի որևէ սրճարանում եթե այդ մասին խոսեիր, սեղանակիցները դիմադրություն ցույց կտային:

«Այժմ գրեթե ամեն տեղ առանց փսփսալու կարող եք խոսել: Եթե մի ժողովուրդ պատմաբանների և քաղաքական գործիչների կողմից մշտապես խաբվել է, թե «նման բան չի եղել, դա մի մեծ սուտ է» և այլ խոսքերով, ընտանիքներից, դասագրքերից, թերթերից այլ բան չի լսել, նրանց մեղադրել չեմ կարող: Սակայն քաղաքական գործիչների հայտարարությունները, թե պատմությունը պետք է պատմաբաններին թողնել, սխալ է: Պատմությունը մեզ է պատկանում, մարդկանց, բոլորիս…»,- նշել է ռեժիսորը:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ավելի վաղ թուրքական լրատվականները գրել էին, որ դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---