Սեյմի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան դրդել Լեհաստանին մասնատել Ուկրաինան, հետո՝ հերքել է ինքն իրեն

Սեյմի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան դրդել Լեհաստանին մասնատել Ուկրաինան, հետո՝ հերքել է ինքն իրեն

PanARMENIAN.Net - 2008-ին Մոսկվա այցելության ժամանակ Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկին ակնարկել են, որ Ուկրաինան կարելի է մասնատել: Այդ մասին ամերիկյան Politico պարբերականին է պատմել Լեհաստանի ԱԳ նախկին նախարար, այժմ Լեհաստանի Սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա, Վլադիմիր Պուտինը դրդում էր Վարշավային ներխուժել Ուկրաինա:

«Պուտինն ուզում էր, որ Լեհաստանը զորքեր մտցնի Ուկրաինա: Հենց այդպիսի ազդանշաններ էին նրանք մեզ հղում»,-հայտարարել է Սիկորսկին: Հետո դիվանագետը հստակեցրել է. «Դա առաջինն էր, ինչ Պուտինն ասաց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, երբ նա ժամանեց Մոսկվա: Հետո նա ասաց, որ Ուկրաինան արհեստական երկիր է, իսկ Լվովը՝ լեհական քաղաք, և ինչու մենք չենք կարող փոխարենը դա միասին կարգավորել»: Ըստ Սիկորսկու, Տուսկը ոչինչ չէր պատասխանել Պուտինին, քանի որ տեղյակ էր, որ խոսակցությունը ձայնագրվում է, հայտնում է ՌԲԿ-ն:

Լեհաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը պատմել է նաև, որ Ռուսաստանի մտադրությունները Ղրիմի հարցում սկսեցին մտահոգել իրեն 2011-2012 թթ., երբ Պուտինը սկսեց այցելել բայքերների փառատոներ, որոնք անցնում էին թերակղզում: Ըստ Սիկորսկու, 2013-ի ամռանն իրեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի Զապորոժիեյի, Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններով, իսկ Դոնբասը ոչ այնքան շահավետ է համարում ՌԴ-ին միացնելը:

Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլում չեն ընկալում Սիկորսկու այն հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինն ակնարկել է Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկին Ուկրաինան մասնատելու մտադրության մասին:

«Հիմա այնքան զառանցանք է հայտնվում և իրական մարդկանց անունից, և հորինվածներից նույնպես»,-ասել է Պեսկովը: Ավելի ուշ Սիկորսկին հրաժարվեց իր խոսքերից՝ ասելով, թե նրան սխալ են հասկացել, երբ նա խոսել է լեհական ղեկավարությանը հասցեագրված Պուտինի Ուկրաինան իրար մեջ «բաժանելու» առաջարկի մասին: Հարցազրույցում որոշ արտահայտություններ չափազանցվել են, ասել է Սիկորսկին՝ չհստակեցնելով, թե հայտարարության որ մասն է սխալ մեկնաբանվել:

«Հաստատում եմ, որ Լեհաստանը չի մասնակցել բռնակցմանը»,-ասել է Սիկորսկին: Նա հիշեցրել է, որ նախագահ Պուտինը խոսել է Ուկրաինայի մասին որպես արհեստական կազմավորման հրապարակավ՝ 2008 թ. Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---