Պոլսահայերը պայքարում են նոր պատրիարք ընտրելու իրավունքի համար

Պոլսահայերը պայքարում են նոր պատրիարք ընտրելու իրավունքի համար

PanARMENIAN.Net - ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի բազմամյա հիվանդությունն ու փաստացի անաշխատունակությունն առիթ են տվել հայ համայնքի ներկայացուցիչներին քննարկելու նոր պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցը, գրում է Daily Sabah-ը:

Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և հոսպիտալացվել է 2008-ին, նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների, երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ստեղծված իրավիճակում Աթեշյանը փաստացի պատրիարքի փոխանորդն է, սակայն նման պաշտոն եկեղեցական հիերարխիայում չկա: Նման վիճակը բազում խնդիրներ է առաջացնում: Համայնքի հայտնի անդամները դիմել են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրությունը, սակայն նրանց մերժեցին՝ պատճառաբանելով, որ պատրիարքը ողջ է, և նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն նրա մահից հետո: Համայնքում բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե պետք է նոր պատրիարքի ընտրել, թե Մութաֆյանը կշարունակի պատրիարք մնալ եկեղեցու ու համայնքի նորընտիր ղեկավարի հետ միաժամանակ:

Այս պահի դրությամբ համայնքը դատավարության մեջ է նախարարության հետ, նպատակ ունենալով, որ ընտրությունների անցկացման արգելքը հանվի:

Սբ Ամենափրկիրչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն պատմել է թերթին, որ համայնքին կամ հետնորդ է պետք կամ համապատրիարք: Նա պնդում է, որ համայնքի մեծ մասը համաձայն է նոր ընտրությունների անհրաժեշտության գաղափարին: Շիրինօղլուն ասում է, որ հայերը մտադիր չեն հեռացնել Աթեշյանին իր պաշտոնից: «Նա կարող է թեկնածու լինել: Գլխավորն այստեղ ընտրություններ անցկացնելն է,-ասել է նա:-Աթեշյանը արդեն 7 տարի է պաշտոնակատար է: Չի կարելի 7 տարի պաշտոնակատար լինել»:

Շիրինօղլուն հատուկ նշում է, որ ընտրություններ անցկացնելու պահանջը նաև պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի ընտանիքի պահանջն է:

Մեսրոբ Մութաֆյանը՝ Կոստանդնուպոլսի 84-րդ պատրիարքն է, ղեկավարում է համայնք ու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը 1998 թվականից, Գարեգին Երկրորդ Ղազանչյանի մահից հետո: 2008-ից, երբ ի հայտ եկավ Մութաֆյանի հիվանդությունը, ղեկավարությունը փաստացի անցավ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Աթեշյանի օգտին քվեարկեց պատրիարքարանի կրոնական խորհրդի (Սինոդի) 26 անդամներից 25-ը:

Ստամբուլի հայ համայնքը հասնում է 60 հազարի:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---