Կասպրշիկ. Հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին

Կասպրշիկ. Հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին

PanARMENIAN.Net - Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են, ինչն էլ նպաստում է էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը բարձր մակարդակի վրա է մնում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նրա խոսքով՝ հրադադարի խախտումները 2014-ի հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի ժամանակահատվածի համեմատ նվազել են:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց:

Կասպրշիկը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարությամբ կոչ են արել հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը՝ մասնավորապես խուսափելով քաղաքացիական բնակչության դեմ բռնության կիրառումից:

«Ես և գործընկերներս, մանդատին համապատասխան, շարունակելու ենք մշտադիտարկում անցկացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են աշխատանքը լարվածության նվազման և այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու շուրջ»,- շեշտել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ այցելել էին տարածաշրջան, իսկ հոկտեմբերի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով այցի արդյունքները:

Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում հանդպում է եղել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանում և Բաքվում միջնորդները քննարկել են հոկտեմբրի վերջում Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրեջանի նախագահների հանդիպումը, որի կազմակերպման նախաձեռնողն է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ենթադրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 27-ին:

Համանախագահները կարևորել են իրավիճակի կայունացումը շփման գծում լարվածությունից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ իրավիճակը շփման գծում չի վատթարանա, նկատի ունենալով հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---