Դինքի գործով 9 պետծառայող է ներգրավվել. Նրանց թվում են Ստամբուլի անվտանգության պետն ու նահանգապետի տեղակալը

Դինքի գործով 9 պետծառայող է ներգրավվել. Նրանց թվում են Ստամբուլի անվտանգության պետն ու նահանգապետի տեղակալը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել: Թուրքական Sabah-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, այդ թվում նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահին, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել:

Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն հարցաքննության պահանջ էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետի տեղակալ Էրգյուն Գյունգյորի, այն ժամանակվա անվտանգության վարչության պետ Ջելալեթթին Ջերրահի, Ստամբուլի հետախուզության վարչության պետ Իլհան Գյուլերի և 6 ոստիկանի վերաբերյալ: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի միջամտությամբ գլխավոր դատախազությունը վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչից հետո Դինքի ընտանիքը նույն պահանջով դիմել է Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների դատարան: Դատարանը պետական ծառայողների վերաբերյալ ընդունած դատական հետապնդում չիրականացնելու որոշումը չեղյալ է համարել:

Այս անգամ էլ Ստամբուլի նահանգապետարանը հակառակ պահանջով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն: Նախարարությունը հետ է ուղարկել գլխավոր դատախազության որոշումը, այսպիսով՝ բացելով 9 պաշտոնյայի գործին ներգրավվելու ճանապարհը:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը դատարանին կոչ է արել հարցում ուղարկել ռազմական դատախազությանը՝ պարզելու` արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքիսպանությանն առնչվող հետախուզական փաստաթղթերը պետական գաղտնիք են համարվում:

«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլում գտնվող խմբագրության գրասենյակի մոտ սպանել է, 17-ամյա Օգյուն Սամասթը: Վերջինս դատապարտվել է մոտ 22 տարվա ազատազրկման, ենթադրվում է, որ եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, քանի որ հանցագործության հետևում կանգնած անձինք այդպես էլ չեն բացահայտվել:

Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---