Google-ը ներկայացրել է Inbox-ը. Նոր փոստային ծառայությունը հասանելի է դեռևս միայն հրավերով (վիդեո)

Google-ը ներկայացրել է Inbox-ը. Նոր փոստային ծառայությունը հասանելի է դեռևս միայն հրավերով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ի երեկոյան Google-ը ներկայացրեց էլեկտրոնային փոստով աշխատանքի «միանգամայն նոր» Inbox ծառայությունը: Ըստ ընկերության պաշտոնական բլոգի, ծառայությունը մշակել է Gmail-ի թիմը, սակայն այն տարբերվում է արդեն գործող էլեկտրոնային փոստից:

«Դա միանգամայն նոր ծառայություն է, կենտրոնացած իրապես կարևոր բաների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Չնայած, որ հոկտեմբերի 23-ից Inbox-ն արդեն հասանելի է Android և iOS հարթակներում, ինչպես նաև Chrome բրաուզերով, այն դեռ հասու չէ բոլորին: Առայժմ Inbox հնարովոր կլինի տեղադրել միայն Google-ից ստացած հրավերով, բայց հրավեր ստացած օգտատերերը կարող են հրավիրել ընկերներին: Հրավեր ստանալու համար հարկ կլինի նման խնդրանքով նամակ ուղարկել inbox@google.com հասցեով: Դեռ հայտնի չէ, թե երբ նոր ծառայությունը հասանելի կլինի բոլորին: Inbox մտնելու համար կպահանջվեն Gmail-աքաունթի տվյալները:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, Inbox-ն առաջին հերթին կոչված է պարզեցնելու աշխատանքը փոստարկղի հետ բջջայինների օգտատերերի համար: Օրինակ, նոր ծառայության համար բարելավվել է նամակների խելամիտ տեսակավորման համակարգը, որը հայտնվեց Gmail-ում մոտավորապես մեկ տարի առաջ, գրում է «ԱիՖ»-ը:

Google-ը գործարկեց Gmail-ը 2004-ին: 2012-ի սեպտեմբերին ծառայությունը ամենատարածվածը դարձավ աշխարհում՝ իր օգտատերերի թվով գերազանցելով մրցակից Microsoft-ի Hotmail-ը, և հայտնեց, որ ակտիվ օգտվողների քանակը հասնում է 425 միլիոնի:

Աշխատելով Gmail-ի բազայի վրա՝ Inbox-ն օգտագործում է արդեն կիրառվող թղթապանակները, պիտակներն ու ֆիլտրերը, ինչպես նաև ունի կոնտակտների նույն բազան, ինչ և սովորական փոստը:

Նվազեցնելու համար ստացվող հաղորդագրությունները, ծառայությունը խմբավորում է նամակներն ըստ պատկանելության և բովանդակության: Նմանատիպ է գործում նաև Gmail-ը, որն այն ամենն, ինչ գովազդ է համարում, գցում է Promotions թղթապանակի մեջ, իսկ ծառայությունների ու սոցցանցերի թարմացումները՝ Social թղթապանակի մեջ: Inbox-ը նաև ավելացրել է բաժինների քանակը, ավելացնելով իրազեկումները գնումների ու առաքումների մասին, տոմսերի վերաբերյալ հաստատումները, ինչպես նաև թղթապանակները մարդկանց որոշակի խմբերի համար, հայտնում է TJօurnal-ը:

Ինչպես Gmail 5.0-ը Android Lollipop-ում, նոր ծառայությունը թույլ է տալիս ավելացնել կողմնակի ծառայությունների փոստային աքաունթներ: Գլխավոր նորամուծությունը փոստային գործառնությունների առումով ստացվող հաղորդագրությունների ընթերցումը հետաձգելու (Snooze) և արդեն կարդացած հաղորդագրությունները թաքցնելու (Done) հնարավորությունն է, նշում է «Տելեգրաֆը»: Snooze-ին կարելի է այնպես կարգավորել, որ միանա ու անջատվի որոշակի ժամերի կամ որոշակի վայր գալուց հետո:

Gmail-ում այժմ էլ գործում է «Ստացվողները» թղթապանակից հաղորդագրությունները հեռացնելու հնարավորությունը՝ նամակները փոխանցվում են «Արխիվ» թղթապանակի մեջ և հետո արդեն աչքի չեն ընկնում, բայց մնում են աքաունթում: Snooze-ին կա նաև որոշ այլ հավելվածներում՝ օրինակ, Mailbox և Acompli-ում: Այն առաջարկում է նշել, թե երբ օգտատերը կցանկանար հիշեցում ստանալ նամակի մասին:

Inbox-ում նույնպես կա հիշեցումների ծառայություն՝ նշում թողնելով ծրագրված գործի մասին, օգտատերը միշտ այն կտեսնի ստացվողների վերևի շարքում: Փոստի դասակարգման հարցում օգնում են Highlights և Assists միկրոծառայությունները: Առաջինը ցույց է տալիս նամակի բովանդակության նախաբանը՝ չստիպելով բացել նամակն ամբողջությամբ, իսկ երկրորդը արտացոլում է տեղեկատվական քարտերը, որոնք օգնում են կատարել դրված խնդիրները:

Մասնագիտական արևմտյան պարբերականներին զարմացնում է այն փաստը, որ Google-ը թողարկել է Inbox-ը Gmail-ից առանձին, չներմուծելով բոլոր թվարկված գործառնությունները հիմնական ծառայության մեջ: Ինչպես ենթադրում է TechCrunch-ը, այդպիսով ընկերությունը կարող է թեստավորել նորամուծությունը օգտատերերի սակավ քանակի մասնակցությամբ:

Եվ վերջապես Gmail-ից Inbox-ի տարբերություններից մեկը կլինի գովազդի բացակայությունը՝ առնվազն առաջիկայում: Ինչպես գրում է Lenta.ru-ն USA Today-ի վրա հղումով, Gmail և Inbox պրոդուկտների գծով տնօրեն Ալեքս Քրոուլին հայտարարել է, որ Inbox-ը կարող է ժամանակի հետ փոխարինել Gmail-ը, ուստի ընկերությունը սպասում է օգտատերերի արձագանքներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---