Ռոուհանի. «Վեցյակի» հետ համաձայնության կարելի է հասնել մինչ նոյեմբերի 24-ը

Ռոուհանի. «Վեցյակի» հետ համաձայնության կարելի է հասնել մինչ նոյեմբերի 24-ը

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել նշված ժամկետում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք միջազգային «վեցյակի» հետ բանակցություններում, ուստի մինչև նոյեմբերի 24-ը համաձայնության հասնելու հավանականությունը միանգամայն մեծ է»,-ասել է մամուլի ասուլիսում Զինջան գավառում Իրանի գործադիր իշխանության ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռոուհանին նախկինում էլ է հայտարարել, որ Արևմուտքի հետ միջուկային համաձայնությունը ձեռք կբերվի: Ըստ Իրանի նախագահի, Թեհրանն ու Արևմուտքը փոխհամաձայնության են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն մանրուքները, դիրքորոշումները պետք է ամբողջությամբ համաձայնեցվեց մինչև նոյեմբերի 24-ը: Իրանի ու «վեցյակի» հանդիպումների վերաբերյալ զգուշավոր լավատեսություն է հայտնել ԱՄՆ-ն: Սակայն համաձայնագիր ստորագրելուն դեմ է Իսրայելը: Այդ երկրի վարչապետ Նեթանյահուն գտնում է, որ միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը թույլ կտա Իրանին հազարավոր ցենտրիֆուգերով միջուկային տերություն դառնալ: Ըստ նրա, Իրանի սպառնալիքը հրեական պետության համար ավելի մեծ է այս դեպքում, քան «Իսլամական պետության»:

Իրավիճակի մեջ որոշակի պարզություն է մտցրել ռուսական ԱԳՆ-ն՝ փոխզիջում չկա Արակում ռեակտորի հարցի շուրջ, որտեղ մոնտաժվել է ծանր ջրով աշխատող ռեկոմբինատորը, որի շնորհիվ, ըստ Արևմուտքի մտավախությունների, կարելի է պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար:

Հատկանշական է, որ ավելի վաղ Թեհրանը նախագահ Ռոուհանիի խորհրդական Ալի Յունեսիի միջոցով մեղադրեց Մոսկվային համապարփակ համաձայնության կնքումը արգելափակելու մեջ, սակայն Մոսկվան հերքեց բոլոր մեղադրանքները:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---