ԱՄՆ-ն ռազմակայան է ստեղծում Քրդստանում ԻՊ դեմ, որն արդեն քիմզենք է օգտագործում Իրաքում

ԱՄՆ-ն ռազմակայան է ստեղծում Քրդստանում ԻՊ դեմ, որն արդեն քիմզենք է օգտագործում Իրաքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է նոր ռազմակայանի ստեղծումը Իրաքյան Քրդստանում Հարիր ռազմական ավիաբազայում, որը 50 կմ հեռավորության վրա է Էրբիլեից: Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին տեղական Bus news գործակալության վրա հղումով, քաղաքի իշխանությունները իրազեկել են առևտրականներին, որոնք իրենց բիզնեսը տեղակայել են հին ռազմական օդանավակայանում, որ անհրաժեշտ է մեկ շաբաթվա ընթացքում ազատել տարածքը: Աղբյուրը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները մտադիր են օգտագործել Հարիրը որպես ռազմակայան վերջինիս հարմար տեղանքի ու Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների տեղաշարժին հետևելու հնարավորության պատճառով: Նախկինում ԱՄՆ-ն օդանավակայանն օգտագործել է 2003-ին Սադդամ Հուսեյնին պաշտոնանկ անելու մտադրությամբ Իրաք ներխուժելու ժամանակ:

Մինչդեռ, հայտնվել են առաջին փաստերը ԻՊ գրոհայինների կողմից քիմզենքի օգտագործման վերաբերյալ՝ Բաղդադից 50 կմ հեռավորության վրա ռազմաճակատում ահաբեկիչների դեմ պայքարող 11 ոստիկանի մոտ ախտորոշվել է «թունավորում քլորից», հայտնում է Washington Post-ը:

Այն մասին, որ ամերիկացիներն իրոք Իրաքում քիմզենք են գտել, որի պատրվակով տապալվեց Սադդամ Հուսեյնի իշխանությունը, բայց չեն հայտարարել այդ մասին, գրեց New York Times հոկտեմբերի սկզբին: Շրջանը, որտեղ հայտնաբերվել էին քլորով ու պարալիտիկ գազով հրթիռները, գտնվում են ԻՊ հսկողության տակ:

Ավելի վաղ ՔԶԱԿ-ը զեկուցել էր, որ քլոր է կիրառվել Սիրիայի հյուսիսում: Վաշինգտոնը քլորի կիրառման համար մեղադրեց Ասադին, սակայն Դամասկոսը հերքեց մեղադրանքները:

ԻՊ-ն վերսկսեց հարձակումը Կոբանիի ուղղությամբ և որոշ հաջողություն գրանցեց. գրավվեց այն գոտին, որտեղ ԱՄՆ-ն օդից զենք ու զինամթերք էր գցում, հայտնում է Fox news-ը: Քրդերը փորձում են հետ գրավել տարածքը:

Մինչդեռ ԱՄՆ-ն որոշել է փոխել իսլամիստների դեմ պայքարի ձևերը. Ավիահարվածների թիրախ կհանդիսանան ոչ միայն ահաբեկիչները, այլ նաև նրանց ենթակառուցվածքները, մասնավորապես, նավթամուղերը, հայտնում է Independent-ը: Նավթն ու նավթամթերքը թույլ են տալի ԻՊ օրական մինչև 2 մլն դոլար աշխատել՝ վերածվելով աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորման: Բացի այդ, գրեթե կես միլիարդ դոլար նրանք հափշտակել էին Մոսուլի բանկերից 2014-ի ամռանը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---