ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումներով Արմավիրում 9 ընտանիքի տան հարց է լուծվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումներով Արմավիրում 9 ընտանիքի տան հարց է լուծվել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում լուծվել է Երվանդաշատ գյուղի 9 ընտանիքի տան հարցը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել են Արմավիրի մարզի Երվանդաշատ և Մարգարա գյուղեր:

«Արդեն մեկ ամիս կլինի, ինչ մեր համագյուղացիներից մի քանիսն ավարտել են իրենց տան շինարարությունը: Մենք ակնածանքով էինք նայում այդ գործընթացին ու ինչ-որ տեղ նաև հուսահատվում` մտածելով, թե կգա արդյոք այն պահը, որ մենք էլ ավարտենք մեր տան վերանորոգումը և վերջապես զգանք ապահով ու բարեկեցիկ ապրելու բերկրանքը: Այսօր այդ հուսահատությունից ոչինչ չի մնացել»,- ասել է Ծովինար Գրիգորյանը, ում ընտանիքն ապրում էր առանց տանիքի և կենցաղային հարմարությունների:

«Մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն ու օտարերկրյա կամավորները մեր տանն էին. օգնում էին կառուցել այն: Մեկ օրում այդ մարդիկ այնքան գործ արեցին, որ մենք այս ընթացքում չէինք հասցնի և մինչև օրս շինարարության մեջ կլինեինք: Այսօր իմ ընտանիքն ապահով տանիքի տակ է: Երախտագիտությունս արտահայտելու բառեր չեմ գտնում»,- նշել է Հակոբ Մուրադյանը:

«Հայրենիքը սուրբ հասկացություն է, ամենավեհը գաղափարներից: Հայրենիքը մեր ինքնության հիմնաքարն է: Միևնույն ժամանակ՝ այն նույնքան շոշափելի է, որքան մեզ շրջապատող իրերը: Հայրենիքը գյուղացու կողմից մշակվող հողն է, դրանից ստացվող բարիքը, բնության հետ ներդաշնակ ապրող գյուղացին, մայր հողին կպած ուժեղ ընտանիքները, որ սերնդեսերունդ փոխանցում են հողը մշակելու արվեստը: Մեր Հայրենիքը պահպանելու համար պետք է աշխատենք, աշխատենք ջանասիրաբար, օր ու գիշեր, առանց ջանք խնայելու: Պետք է կառուցենք՝ գիտակցելով, որ ամեն կառուցած տան հետ նորոգում ենք մեր հավատը: Ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի շրջանակում Արմավիրի մարզում այս տարի վերանորոգվել է 6, ավարտին հասցվել 2 կիսակառույց տան շինարարություն, գնվել 1 տուն:

«Նվազագույնը, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել այս մարդկանց համար այն է, որ ստեղծենք կենցաղային տարրական պայմաններ, ամուր տանիք ու կայուն պատեր: Հայ մարդու համար տունն ավելին է, քան կացարանը, ու մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի ևս մի քանի հայ ընտանիք ձերբազատվի անմխիթար պայմաններում ապրելու հոգսից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ամբողջ ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, ծրագիրն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բարեգործական ՀԿ է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տների կառուցման հարցում՝ տրամադրելով երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն։ Ամենամսյա հետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով։ Կազմակերպությունն արդեն աջակցել է 350 ընտանիքի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---