Հունաստանի ԱԳՆ. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսը

Հունաստանի ԱԳՆ. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսը

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ Եվրամիությունը հստակ ազդանշան է հղել Անկարային՝ Թուրքիան պետք է հարգի միջազգային իրավունքը և, եթե մտադիր է անդամակցել ԵՄ-ին, պետք է ճանաչի եվրոպական ընկերակցության բոլոր անդամ պետությունները:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, Կիպրոսի կարգավորման վերաբերյալ հայտարարությունը հոկտեմբերի 24-ին տարածել է Հունաստանի ԱԳՆ-ն:

Հունաստանը հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելում ներկայացրել է Կիպրոսի շահերը ԵՄ և եվրագոտու գագաթնաժողովում, քանի որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոսպիտալացվել է: Անաստասիադիսը մտադիր էր բողոք ներկայացնել գագաթնաժողովում Թուրքիայի գործողությունների դեմ, որն օգտակար հանածոների սեյսմիկ հետախուզություն է սկսել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:

Թուրքիան հայտարարում է, որ չի ճանաչում Կիպրոսը: Նիկոսիան մտադիր է հասնել նրան, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կասեցվի:

Տարաձայնություններն ու հակամարտությունը Կիպրոսի թուրք և հույն բնակչության միջև ծագեցին Մեծ Բրիտանիայից Կիպրոսի անկախացումից անմիջապես հետո՝ 1960-ին: Միջհամայնքային ճգնաժամը բազում բախումների հանգեցրեց զոհերով ու վիրավորներով: «Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:

Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---