22  24.10.14 - «Ժառանգության», ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի համատեղ համահավաք

Եռյակի 2-րդ հանրահավաքը. Առանցքում իշխանափոխության հարցն է

Եռյակի 2-րդ հանրահավաքը. Առանցքում իշխանափոխության հարցն է

PanARMENIAN.Net - Ինչպես և նախատեսված էր, Ազատության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կայացավ Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի՝ «Հայ ազգային կոնգրես»–ի, «Բարգավաճ Հայաստան»–ի և «Ժառանգության» երկրորդ հանրահավաքը, որին մասնակցում էին նաև երեք ուժի առաջնորդները։

Հրապարակը բազմամզարդ էր, ու եթե նախորդ հանրահավաքին՝ հոկտեմբերի 10-ին, հիմնական ելույթները Րաֆֆի Հովհաննիսյանինն ու Լևոն Տեր-Պետրոսյանինն էին, այսօր, ինչպես և ԲՀԿ առաջնորդը խոստացել էր, գլխավոր ելույթն իրենն էր:

Հանրահավաքը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, թե ժողովրդի ձայնն է, որ սարսուռի մեջ է գցում ժողովրդի հանդեպ առհամարանքով լցված իշխանություններին:

Առաջիններից ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, թե այսօր գործելու են կոնկրետ: Նա կոչ արեց համակարգիչներով հանրահավաքին հետևողներին գալ Ազատության հրապարակ ու միանալ շարժմանը:

«Այստեղ է հայ ժողովրդիր լավագույն մասը, պատմություն ստեղծով մասը, եկեք, միացեք հայ ժողովրդին, կողքից խելոք-խելոք մի խոսեք»,- ասաց նա՝ կոչ անելով նաև նույն կերպ վարվել մտավորականներին, որոնք պետք է դադարեն «կոչումների սպասել»:

ՀաջորդըՀայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ելույթն էր, որը նշեց՝ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ այն խախտող իշխանությունը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն իր հերթինհայտարարեց, որ այս հարթակ եկել են պարտադրված, ստիպողաբար, որովհետև այլընտրանք չկա՝ երկիրը ծանր վիճակում է, և եթե այսպես շարունակվի, ապա ինքնիշխանությունը կարող է վտանգվել։ Նա նշեց, որքանդել գործող համակարգը հնարավոր է միայն իշխանափոխությամբ:

Խոսքը փոխանցվեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը նշեց, թե նոր համաժողովրդական շարժման առաջին (հոկտեմբերի 10 - խմբ.) ու երկրորդ հավաքների բազմամամրդկությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում իշխանափոխության գործընթաց է սկսվել, «որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի»: ՀԱԿ առաջնորդը հորդորեց իրենց ընդդիմադիր համարող որոշ մարգինալների հիստերիկ արձագանքներին լուրջ չվերաբերել.

«Նման հակազդեցությունը բնական է, նրանք սարսափած են շարժման հզոր ալիքից ու հաղթանակի հասնելու հեռանկարից, և կատաղի պայքար են սանձազերծել մեր դեմ` նախընտրելով, որ սարգսյանական ռեժիմը հարյուր տարի էլ մնա Հայաստանում, միայն թե երկրում իշխանափոխություն չկատարվի»,- նշեց նա, գրում է Panorama.am-ը:

Նախորդ հանրահավաքում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին չխոսելը Տեր-Պետրոսյանը բացատրեց նրանով, որ գործընթացը հանրահավաքից մի քանի ժամ առաջ էր կայացել: Անդրադառնալով հարցին, նա նշեց, որ այդ գործընթացն անշրջելի է, ու արդեն տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակում:

«Տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում արդեն ուշացած, անիմաստ ու վնասակար է: Ինչպիսի կառույց էլ մտնես, միևնույն է՝ կորցնելու ես քո ինքնիշխանության մի մասը: Եթե անգամ ՀՀ-ն միանար ԵՄ-ին, միևնույն է՝ զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե նույնիսկ ավելի շատ, քան ԵՏՄ-ի դեպքում»,- նշեց նա:

Անդրադառնալով հանրության կողմից եռյակի գործողությունների ծրագիրը ներկայացնելու պահանջին, Տեր-Պետրոսյանն այն «վտանգավոր ու անհիմն» որակեց՝ պարզաբանելով, թե իրենք չենք կարող ու «իրավունք չունեն բոլոր քարտերը միանգամից բացել: Շարժման ստրատեգիան հայտնի է, և որևէ գաղտնիք չկա»:

ՀՀ առաջին նախագահն իր ելույթը ավարտեց «մեզ սպասում է նույնիպիսի հաջողություն, ինչպիսի հաջողության հասավ Ղարաբաղյան շարժումը» խոսքերով:

Հաջորդ ելույթը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, որն առաջարկեց հավաքվածներին ինքնուրույն որոշել՝ «այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը»:

«Մեզ պետք է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգային ապագայի, իհարկե՝ ըստ սահմանադրության: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, իրավական, օրինական»,- ասաց նա:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն թարմացրեց կոչը, որն արել էր մեկ տարի առաջ. «Հայաստանի փրկության համար կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ստեղծել ժամանակավոր կառավարության, որ գործող իշխանությունը հրաժարական տա: Ժողովրդի տևական, ամենօրյա ճնշման ներքո մինչև 2015-ի ապրիլի 24-ը կազմակերպել խորհրդարական ու նախագահական արտահերթ և արդար նոր ընտրություններ: Սա է համազգային պահանջը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ազատամարտիկներն առաջարկել են այսօրվանց Ազատության հրապարակում նստացույց սկսել ու հավելեց, որ անձամբ ինքը որպես քաղաքացի միշտ պատրաստ է: Բայց որոշում կայացնելը թողեց Գագիկ Ծառուկյանին: Իր ելույթը «Ժառանգության» առաջնորդն ավարտեց «նոր Հայաստանն այնպայման գալու է» խոսքերով:

Հաջորդը ու վերջինը ԲՀԿ առաջնորդի ելույթն էր, որի մասին վերջին օրերին շատերն էին խոսում ու քննարկում՝ ի՞նչ սպասել դրանից: Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար ու հիշեցրեց՝ «Ծառուկյանն ամեն ինչ տեսել է, բայց երբեք չի կոտրվել, իր գործն առաջ է տարել»:

«Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, ձեր խնդիրն ու պրոբլեմը: Ես գիտեմ դրանց լուծման ձևը: Գիտեք` 2009-ի ճգնաժամից հետո Ծառուկյանն ասում էր, որ անպայման օգնություն, թեթևացում է պետք: Այսօր հազարավոր կրպակներ փակվել են, մարդիկ անաշխատանք մնացել: Ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցել, պայման ստեղծել, որ մարդիկ չփակվեն: Ժողովրդի 95%-ը վարկի, տոկոսների տակ է: Հարցը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով լուծել»,- նշեց ԲՀԿ առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով, ոչ մի անօրինական բան չեն անում, ուղղակի անհրաժեշտ է միասնական լինել, չշտապել, որ սկսած գործն ավարտին հասցվի: Նա նաև մի քանի դրույթ կարդաց, ըստ որոնց ակնհայտ է՝ երկիրը «ծանրագույն վիճակում է», ու Հայաստանին նոր իշխանություն է անհրաժեշտ, ինչին ի պատասխան հավաքվածները բացականչեցին «այո՜»: ԲՀԿ առաջնորդի խոսքով, իրենք իշխանափոխության կողմնակից են:

«Մայդանի կոչ չենք անում, բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը և ամեն գնով իշխանության վերարտադրման ծրագրերի իրականացումը»,- նրա խոսքերն է մեջբերում «Առավոտ»-ը:

Ծառուկյանը նաև հավելեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերութունները պետք է վերանայվեն, օգտագործվի Սփյուռքի ներուժը, հայտարարելով, որ ԲՀԿ-ն երկրի ներսում թշնամիներ չունի:

Ծառուկյանը հայտարարեց, որ հասնելու են նպատակների իրականացմանն ու այսօրվանից ամբողջ Հայաստանով միասնական շտաբերի ձևավորում են սկսում, որոնք կհամախմբեն ոչ իշխանական ուժերին ու ամբողջ ժողովրդին:

«Եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ: Մեր գործն արդար է»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ ոչ մի նստացույց այսօր չի լինելու:

ԲՀԿ առաջնորդի խոսքն ավարտվեց ու հավաքվածները երթով շարժվեցին Փոքր կենտրոնի փողոցներով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---