Լիտվա-ՀՀ տնտեսական հարաբերությունները կզարգանան. Երևանում է Լիտվայի ԱԳ նախարարը

Լիտվա-ՀՀ տնտեսական հարաբերությունները կզարգանան. Երևանում է Լիտվայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը, որին ընդունել են ՀՀ ԱԳ նախարարն ու նախագահ Սերժ Սարգսյանը:

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարտը գոհունակությամբ է արձանագրել ՀՀ ու Լիտվայի միջև կապերի դինամիկ զարգացումը:

«Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում, զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը, և շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման այս վերընթաց դինամիկան»,- նշել է նախարար Նալբանդյանը:

Նա հավելել է, որ այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետագայում ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընդլայնման ուղիով:

Նախարար Լինկյավիչուսն իր հերթին նշել է, որ Լիտվան ջանում է հնարավորինս ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում էին երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական հարաբերությունները, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, ինչպես նաև խոսել Հայաստան-ԵՄ հարաբերություններին մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, որ Լիտվան այն երկրների թվում է, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Սեյմասի կողմից 2005-ին Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստել է Լիտվայի ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:

Նալբանդյանն իր լիտվացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, այնուհետև նախարարները քննարկել են հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձել ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։

Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991-ի նոյեմբերի 21-ին: 2005-ի նոյեմբերին Լևոն Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ-ում Լիտվայի պատվավոր հյուպատոս: 2011-ի հոկտեմբերի 19-ին Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2013-ի հունիսի 7-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել վերջին տարիներին հայ-լիտվական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու այն, որ տարեցտարի հարստանում է տարբեր ոլորտներում գործակցության օրակարգը: Նախագահն ու Լինաս Լինկյավիչուսը կարևորել են ակտիվ փոխայցելություններն ու շփումները, այդ համատեքստում հիշելով նաև անցյալ տարվա մարտին Լիտվայի արտգործնախարարի այցը Հայաստան և դեռևս պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանի այցը Լիտվա, ինչը, կողմերի համոզմամբ, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ամուր հարաբերությունների, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա պարբերական շփումների հիմք է դրել:

Խոսելով գործակցության առաջիկա ծրագրերի մասին, արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով և ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նրա հավաստմամբ, հաջորդ ամիս կկազմակերպվի հայ-լիտվական գործարար համաժողով, որը կարող է ձևավորել փոխգործակցության բովանդակալից մեծ օրակարգ:

Լիտվայի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրն աջակցել է Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությանը, և հանդիպմանը Հանրապետության նախագահից լսելով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածության մասին, գործակցության այս ձևաչափում ևս տեսնում է ընդհանուր ծրագրեր ու Լիտվայի՝ որպես Եվրամիության անդամ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հանդիպմանը նախագահը և Լիտվայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների մասին, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---