ԱԳ նախարարը՝ ԵԽԽՎ-ում ԼՂՀ հարցով զեկուցողի մասին. Դուրս չենք բերի հարցը ՄԽ համանախագահների ձևաչափից

ԱԳ նախարարը՝ ԵԽԽՎ-ում ԼՂՀ հարցով զեկուցողի մասին. Դուրս չենք բերի հարցը ՄԽ համանախագահների ձևաչափից

PanARMENIAN.Net - Հայաստանի սկզբունքային մոտեցումն է դուրս չբերել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափից: Այդ մասին Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ ասուլիսում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԳ նախարարության դիրքորոշմանը ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով զեկուցողի նշանակման վերաբերյալ, որի հետ վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը, կարծես թե, չի պատրաստվում գործակցել:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որը հիմնախնդրի կարգավորման միջնորդության հարցում միջազգային մանդատ ունի, գրում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող է նշանակվել: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ են մնացել:

«Ադրբեջանական կողմի փորձերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը տեղափոխել այլ ձևաչափեր, հարթակներ, հայտնի են: Դրանք ցույց են տալիս, որ Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործընթացը: Այդ իմաստով ինքնանպատակ կամ շինծու զեկույցի մշակումը, չեմ կարծում, որ կարող է նպաստավոր լինել բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Հակառակը՝ կբորբոքի կրքերը, կպտղորի մթնոլորտը, ինչին շահագրգռված է ադրբեջանական կողմը, որպեսզի հունից հանի ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,- ասել է նախարար Նալբանդյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իսլամական ծայրահեղ խմբավորման գործողությունները, նախարար Նալբանդյանը նշել է, որ ահաբեկչությունը վտանգը սպառնալիք է բոլորի համար:

«Ակնհայտ է, որ նրանք, ովքեր աջակցում, սատարում են ահաբեկիչներին, փորձում են օգտագործել ահաբեկիչներին որպես գործիք, այս կամ այն նպատակներով կարող են դառնալ թիրախ նույն ահաբեկիչների կողմից»,- ասել է նա:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Ըստ Նալբանդյանի, արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Աֆղանստանից, այլ վայրերից բազմաթիվ վարձկաններ էր բերել, որոնք սերտ կապեր ունեին ահաբեկչական միջազգային հայտնի կառույցների հետ՝ օգտագործելով նրանց պատերազմում:

«Այսօր Ադրբեջանում ասում են, որ պայքարում են ծայրահեղականների դեմ իրենց երկրում: Չէի մեկնաբանի այդ պայքարի արդյունավետությունը կամ անկեղծության մակարդակը: Ակնհայտ է, որ այսօր էլ Ադրբեջանից բազմաթիվ գրոհայիններ այդ խմբավորման շարքերում են»,- նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով, պետք է ակնհայտ լինի բոլորի համար, որ ահաբեկչությունը կարող է վերածվել անկառավարելի բումերանգի:

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ հրատապ է, որ միջազգային հանրությունը միավորի ջանքերն ու առավել վճռականությամբ պայքարի ահաբեկչության դեմ»,- ասել է նա:

Լինաս Լինկյավիչուսն իր հերթին նշել է, որ այսպես կոչված իսլամական այդ պետությունը իսլամական կրոնի, արժեքների հետ որևէ կապ չունի: Նա նույնպես անհրաժեշտ է համարել միջազգային կազմակերպությունների կողմից միավորված դիրքորոշման մշակումը:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Անդրադառնալով հայ-լիտվական հարաբերություններին, նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկիրն էլ շահագրգռված են ոչ միայն պահպանելու հարաբերությունների դինամիկան, այլև՝ զարգացնելու այն: Նա ընդգծեց, որ ավելի վաղ կայացած երկկողմ հանդիպմանը Լիտվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարի հետ քննարկել են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության, կրթական և մշակութային կապերի ամրապնդման հարցեր, գրում է Tert.am-ը: Այս առնչությամբ կողմերը կարևորել են համատեղ բիզնես ֆորումների և ցուցահանդեսների կազմակերպումը: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն էլ շեշտել է, որ հարաբերությունների բարելավման ներուժ է նկատում: Այս առնչությամբ լիտվացի նախարարը կարևորել է, ոը ՀՀ-ԵՄ հարաբերությունները պահպանվելու են, և շարունակվելու է գործակցության զարգացումը ԱլԳ երկրների շրջանակում:

Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991-ի նոյեմբերի 21-ին: 2005-ի նոյեմբերին Լևոն Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ-ում Լիտվայի պատվավոր հյուպատոս: 2011-ի հոկտեմբերի 19-ին Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2013-ի հունիսի 7-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---