Չկալով գյուղի բնակիչները ջրամատակարարման համակարգ են կառուցում

Չկալով գյուղի բնակիչները ջրամատակարարման համակարգ են կառուցում

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Չկալով գյուղը 250 տարվա պատմություն ունի: Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկը խմելու ջրի համակարգի բացակայությունն է: Բնակիչներն օգտվում են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որն արդեն սակավաջուր է դարձել: Կենցաղավարության տարրական կարիքները հոգալու համար ջուր կրողներն աղբյուրի մոտ են լինում վաղ առավոտից մինչև ուշ գիշեր:

Սատարելով անձնական կամավորության նախաձեռնություններին՝ գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ կառուցելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 8 մլն 200 հազար դրամ: Ներդրման շնորհիվ շուրջ 20 կմ երկարության ջրատարից արդեն իսկ կառուցվել է 5,5 կմ: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 74 ընտանիք:

Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, կամավորական նախաձեռնությունները նպատակ ունեն օրինակ ծառայելու մարդկանց: Որպես անհատներ, մենք նույնչափ պատասխանատու ենք երկրի համար, որքան որևէ կազմակերպություն: Այսօրինակ նվիրումը կարևոր է նաև իրականացվող ծրագրերի վերաբերյալ շահառուների տեղեկացվածությունը բարձրացնելու և պատասխանատու վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից: Չկալովցիները գիտակցում են, որ ջուրը կենսական նշանակություն ունեցող ռեսուրս է և դրա խնայողությունը բխում է ապագա սերունդների նկատմամբ պատասխանատվությունից: Ավելին, ջրատար կառուցող երիտասարդները ձգտում են խուսափել նաև ծառահատումներից. որոշ հատվածներում նրանք հրաժարվում են տեխնիկա կիրառելուց` ապավինելով մարդակային ուժին:

Համայնքային բյուջեի սղության պատճառով` տարիներ շարունակ խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը չի իրագործվել: Այսօր արդեն դա խնդիր չէ. գյուղացիները մտածում են օր առաջ աշխատանքներն ավարտելու մասին: Թեև ջրի ակունքից մինչև գյուղամեջ հասցնող ճանապարհը դժվար հաղթահարելի է, սակայն Չկալովի բնակիչները ոգևորված են անհոգ ձմեռ անցկացնելու մտքից: Նրանք արձանագրում են, որ ծրագիրն իրականացնողներին և համակարգի կառուցմանն աջակցողին միավորել է նվիրումը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---