10  27.10.14 - Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի այցը ԵՊՀ

Կարդինալը` Հայոց ցեղասպանության մասին. Մարդկությունը հիշում է, բոլորը հիշում են

Կարդինալը` Հայոց ցեղասպանության մասին. Մարդկությունը հիշում է, բոլորը հիշում են

PanARMENIAN.Net - Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավասին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նա այցելել է ԵՊՀ, որտեղ հանդիպել է գիտխորհրդի անդամներին և ուսանողությանը, ինչպես նաև տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» աշխատության հայերեն և ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

«Վատիկանում Հայաստանի դեսպանության հետ միասին իմ ղեկավարած նախարարությունը՝ մշակույթի քահանայապետական խորհուրդը, կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ՝ կաթոլիկ աշխարհում հայ մշակույթն էլ ավելի ճանաչելի դարձնելու համար»,- ասել է կարդինալը` հիշեցնելով, որ վերջերս Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արևելքի առակները:Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը, ըստ կարդինալի, խորհրդանշում է ամենաբարձր մակարդակով հարաբերությունների զարգացման մասին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` արդյոք հնարավոր է կարդինալին 2015-ի ապրիլի 24-ին հանդիպել Ծիծեռնակաբերդի բարձունքում նշել էր` չգիտի` ինքը կգա, թե ոչ, բայց «հայ ժողովրդի կողմից ցանկություն կա, որ Հռոմի պապը գա Հայաստան»:

Ջանֆրանկո Ռավազին նշել է, որ կաթոլիկ եկեղեցու կողմից այդ օրը հայ ժողովրդին ուղղված համերաշխության, եղբայրության ուղերձ կլինի:

«Մարդկությունը հիշում է, բոլորը հիշում են: Չգիտեմ՝ որտեղ կլինեմ, բայց անպայման այդ պահը կհիշեմ»,- ասել է կարդինալը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է Հայաստան այցելել 2015-ին: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապը 2015 թ. կայցելի Սբ Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կապակցությամբ, հայտարարել էր Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար, վարդապետ Շահեն Անանյանը՝ նշելով, որ այս մասին խոսվել է Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական հանդիպման ժամանակ Հռոմում: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան մեծ խորհրդանշական ազդեցություն կունենա՝ ընդգծելով, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը` հույս հայտնելով, որ այսօր Փարիզում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կդառնա որոշիչ՝ կանխելու ապագայում նման վայրագությունների կրկնությունը, հաղորդում է Panorama.am-ը:

Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար կազմակերպել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացում, ավերում: Բնաջնջման վերջին դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ որ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը` իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդվել են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ տարածքը վերածվել հրաձգադաշտի։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 27-ին կառավարությունում ընդունել է կարդինալին` բարձր գնահատելով մեր երկրի գործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծելով Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում:

Կարդինալ Ռավազին ևս կարևորել է երկկողմ գործակցությունը հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր:

Ջանֆրանկո Ռավասին այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Համայն հայության հոգևոր կենտրոնում կարդինալ Ռավասիի գլխավորած պատվիրակությանը ողջունել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները` Հովակիմ Սրբազանը զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և սերտ գործակցությանը: Իր հերթին կարդինալ Ռավասին փոխանցել է Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---