Դեսպան. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման համար (թարմացված)

Դեսպան. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման համար (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանալին խաղաղ բանակցություններն են: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ դեսպանության կազմակերպած «Հարմոնիա մարդկության համար» համերգից հետո:

«Որպես երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ և գործընկեր, ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղ կարգավորումը կյանքի կոչվի: Երկու երկրների նախագահները հանդիպել են Փարիզում, մենq անում ենք մեզանից կախված ամեն ինչ, խթանելու համար փոխըմբռնումը, հակամարտության խաղաղ կարգավորումը»,-ասել է դեսպանը:

«Մեր նպատակն է խաղաղ կարգավորումը բանակցությունների ճանապարհով»,-ասել է Ջոն Հեֆերնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 27-ի Փարիզում կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Ավելի ուշ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական՝ նշելով, որևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը:

Հայաստանում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ռայներ Մորելն ու Քեթրին Լիչը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց երկրների հույսերն արդարացված են Սարգսյան–Ալիև հանդիպման վերաբերյալ, Մորելը պատասխանել է, թե դրական է, որ ոչ բարեկամական կողմերը կրկին և արդեն 3-րդ անգամ հանդիպում են՝ «նախորդ տարիներին տևական դադարի՝ լռության ժամանակաշրջանից հետո»:

«Կարծում եմ, որ չպետք է չափազանց լավատես լինել և այս հանդիպումից ակնկալել մեծ արդյունքներ, կարևորը, որ երկու պետությունների ղեկավարները միմյանց հետ երկխոսության մեջ են: Եվ լավ լուրն այն է, որ նրանք այս տարվա մեջ հանդիպում են նաև երրորդ անգամ: Բայց, անշուշտ, պետք է փորձեն բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել: Մենք շարունակում ենք մնալ երեք համանախագահների ջանքերին և կարծում ենք, որ այս ձևաչափը ճիշտ ճանապարհն է բանակցությունները շարունակելու համար»,- ասել է Գերմանիայի դեսպանը, մեջբերում է Tert.am-ը:

Դեսպան Լիչն էլ հավելել է, որ համաձայն է գերմանացի գործընկերոջ յուրաքանչյուր խոսքի հետ:

«Կարծում եմ իսկապես կարևոր է, որ նախագահները սկսել են ավելի հաճախ հանդիպել: Մինսկի խմբից դուրս բոլոր երկրների համար խնդիրն է, թե ինչպես կարող են օժանդակել այդ ջանքերին: Եվ օգնենք, որպեսզի այս պահը շարունակվի»,- եզրափակել է նա:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ` սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի էր ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Օգոստոսի 10-ին երկու նախագահը Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---