Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը. Բանկի զուտ շահույթն 9 ամսում կազմել է 5 մլրդ դրամ

Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը. Բանկի զուտ շահույթն 9 ամսում կազմել է 5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերն առաջատարների շարքում: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը՝ ներկայացնելով բանկի գործունեության ընթացիկ տարվա առաջին 9 ամսվա արդյունքները:

«Երրորդ եռամսյակի վերջի դրությամբ շատ լավ արդյուքներ ունենք»,- նշեց բանախոսը՝ ասվածին որպես ապացույց ներկայացնելով կոնկրետ թվեր:

Եվ այսպես, տարեսկզբի համեմատ բանկի ակտիվներն աճել են 6%-ով և 9 ամսվա դրությամբ կազմել մոտ 334 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում ընդհանուր բանկային համակարգում ակտիվներն աճել են ընդամենը 0,6%-ով:

Ըստ Թառումյանի, ավելի կարևոր ցուցանիշ է պարտավորությունների աճը, որը հաշվետու ժամանակաշրջանում եղել է 6,1%՝ կազմելով մոտ 293 մլրդ ՀՀ դրամ, իսկ ՀՀ բանկային համակարգում նույն ժամանակահատվածում պարտավորությունները նվազել են 0,5%-ի չափով:

Հաճախորդների նկատմամբ ունեցած Ամերիաբանկի պարտավորությունները ևս աճել են 21,4%-ով՝ կազմելով մոտ 206 մլրդ ՀՀ դրամ՝ չնայած ՀՀ բանկային համակարգում այս ցուցանիշը բացասական աճ է գրանցել 0,6%-ի չափով:

«Սա ցույց է տալիս, որ մենք համակարգից էականորեն առաջ ենք շարժվում»,- նշեց Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը:

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում աճել են 12,2%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (30.09.13-30.09.14թթ.)` 22,9%-ով, և այս սեպտեբերի 30-ի դրությամբ կազմել մոտ 76 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի զուտ շահույթը նույն ժամանակահատվածում դրությամբ կազմել է մոտ 5 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում 18% է: Գևորգ Թառումյանը նաև նշեց, որ Ամերիաբանկի լրացուցիչ կապիտալն ավելացել է 20 մլն ԱՄՆ դոլարով՝ շնորհիվ «Ամերիաբանկ» ՓԲԸ և FMO (Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության) միջև կնքված փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագրի:

Բանկի վարկային պորտֆելը, ներառյալ լիզինգի և ֆակտորինգի ցուցանիշները, ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում ևս աճել է 19%-ով (ՀՀ բանկային համակարգում աճը կազմել է ընդամենրը 6,4%), և 2014-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 209 մլրդ դրամ: ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են 35,7%-ով և հաշվետու 9 ամսում վարկային պորտֆելը կազմել է մոտ 45 մլրդ դրամ: Նույն ժամանակահավածում ավտովարկերն ավելացել են 13,3 %-ով, իսկ սպառողական վարկերը՝ գրեթե կրկնապատկվել:

Հանրագումարի բերելով 2014-ի առաջին 9 ամսվա արդյունքները՝ բանախոսն արձանագրեց, որ հայաստանյան բանկային համակարգում ակտիվներով, պարտավորություններով, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով և կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելով Ամերիաբանկն առաջատար է, իսկ վարկային ներդրումներով ու զուտ և ընդհանուր շահույթով զբաղեցնում է երկրորդ տեղը:

Բացի զուտ թվային ցուցանիշներով աճից, 2014-ի երրորդ եռամսյակում Ամերիաբանկը ստացել է Euromoney 2014 Գերազանցության մրցանակ՝ որպես Հայաստանի Տարվա լավագույն բանկ: Սա բանկի արդեն 3-րդ Euromoney մրցանակն է:

Անդրադառնալով ընդհանուր բանկային համակարգին, բանախոսը նշեց, որ մոտ 6 բանկ աշխատում է վնասով:

Ըստ Գևորգ Թառումյանի, իրենց բանկի դեպքում ցուցանիշների աճին մեծապես նպաստել են բանկի առաջարկած նոր գործիքներն ու ծառայությունները, որոնցից մեկը հոկտեմբերին մեկնարկած «Ամերիա Պերսոնա» փաթեթն է:

«Այս փաթեթի միջոցով կարող եք ստանալ վարկեր առանց միջնորդավճարների, ձեռք բերել անվճար Gold պլաստիկ քարտեր, կամ օգտվել բանկի այլ ծառայություններից՝ ստանալով զեղչեր»,- մանրամասնեց բանախոսը:

Վերջին եռամսյակում առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված, որն առաջին անգամն է կիրառվում հայաստանյան բանկային համակարգում:

AmeriaToken-ը Digipass սարքավորման (token) այլընտրանքային տարբերակն է, որի շնորհիվ առցանց բանկային ծառայություններից օգտվելու համար այլևս անհրաժեշտություն չկա կրելու դրա համար նախատեսված հավելյալ սարքը: Հավելվածը կիրառելու համար Ամերիաբանկի հաճախորդներն ընդամենը պետք է բեռնեն և ակտիվացնեն ծրագիրն իրենց սմարթֆոնում` բանկից ստանալով համապատասխան ակտիվացման կոդը:

Բացի այդ, Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ հենց Ամերիաբանկն է իր հաճախորդներին առաջարկում իրականացնել բրոքերային գործարքներ MetaTrader4 առևտրային տերմինալի միջոցով: Այն հնարավորություն է ընձեռում նվազագույն միջոցներով մուտք գործել միջազգային ֆինանսական շուկա` դրանով հանդերձ բրոքերային գործառնություններն առավել հասանելի դարձնելով հասարակության լայն հատվածի համար: Այս ամենի և բանկի կողմից առաջարկված մյուս ծառայությունների արդյունքում հաճախորդների քանակն աճել է 16%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---