Երևանում նոր աղբավայր կկառուցվի. Այն կլինի հերմետիկ ու չի վնասի շրջակա միջավայրին

Երևանում նոր աղբավայր կկառուցվի. Այն կլինի հերմետիկ ու չի վնասի շրջակա միջավայրին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են նոր աղբավայրի կառուցման և հնի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները: Դրանք իրականացրել է ավստրիական Bernard Ingenieure խորհրդատվական ընկերությունը քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև գործակցության շրջանակում՝ ՎԶԵԲ-ի միջոցներով:

Աշխատանքային քննարկմանն և ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային խորհրդատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների անդամներ:

«Երևան 2025» միջազգային կոնֆերանսի ընթացքում Կամո Արեյանը քաղաքային միջավայրի թեմայով զեկույց էր ներկայացրել: Նա ընդգծել էր քաղաքային միջավայրում կոմունալ ենթակառուցվածքների բարեփոխման անհրաժեշտությունը, առանձնացրել երկու հիմնական ուղղություն՝ աղբահանություն ու աղբի կառավարում, ջրամատակարարում և ջրահեռացում: Նշվել էր նաև, որ մինչև 2025-ը լուրջ փոփոխությունների ակնկալիք ունեն՝ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների կանոնակարգման համար քաղաքապետարանը մշակել է ծառայությունների բնութագրեր, որոնց հիման վրա կազմակերպվել է միջազգային մրցույթ։ Դրանով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի տարածքում ժամանակակից նոր աղբավայր հիմնել` միաժամանակ մեկուսացնելով ներկայումս գործողը:

«Կարևորելով Երևանում կոշտ կենցաղային թափոնների հավաքման և կառավարման հիմնախնդիրները՝ 2012-ից քաղաքապետարանը նախաձեռնել և իրականացրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացներ։ Թափոնների կառավարման հիմնախնդիրների լուծման հաջորդ քայլը քաղաքային նոր աղբավայրի կառուցումը պետք է լինի՝ դրա հետ մեկտեղ մեկուսացնելով Նուբարաշենում գործող հին աղբավայրը»,- ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը՝ ընդգծել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Հանդիպման շրջանակում խորհրդատվական թիմի ղեկավար Կարլ Գրազն ու խորհրդատու Հեննինգ Վեֆելնբերգը ներկայացրել են ուսումնասիրության արդյունքում գործող աղբավայրում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված տեղանքում կատարված վերգետնյա և ստորգետնյա նախնական հետազոտությունները: Անդրադառնալով բուն աղբավայրին՝ նշվել է, որ կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար մոտ 29 հա տարածքում 60 մ խորությամբ նախատեսված նոր աղբավայրը բաժանված կլինի 5 գոտու:

«Մեր ուսոմնասիրության նախանական արդյունքները որոշ չափով արդեն իսկ ուրվագծում են ներկա իրավիճակը: Նոր աղբավայրն էապես կբարձրացնի մարդկանց կենսամակարդակն ու, անշուշտ, կունենա իր բնապահպանական մեծ նշանակությունը: Հաշվի առնելով նոր աշխատատեղերի ստեղծումը՝ այն նաև սոցիալական կարևոր ծրագիր է»,- նկատել է Կարլ Գրազը:

Նախնական ուսումնասիրության արդյունքներին հաջորդել է հարցուպատասխանն ու մտքերի փոխանակումը: Խոսելով տարածքի մակերեսային հատվածի բնապահպանական նպատակահարմարության մասին՝ նշվել է, որ այն համապատասխանում է չափորոշիչներին և աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր:

Կառուցվելիք աղբավայրը կունենա մի շարք ենթակառուցվածքներ՝ կլինի ամբողջությամբ ցանկապատված, կունենա նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև կհերմետիկացվի և կստեղծվի ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումներն էլ ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասի շրջակա միջավայրին: Աղբավայրում կապահովվի նաև ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր:

ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն՝ տվյալ նախաձեռնության հիմնադրույթային փաստաթուղթը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարության նախնական փորձաքննության, որի արդյունքում կհստակեցվեն ծրագրի իրականացման հիմնական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Այնուհետ ամբողջական փաթեթը կներկայացվի հանրային քննարկման:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---