Զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվող պարգևավճարները կավելանան 40%-ով

Զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվող պարգևավճարները կավելանան 40%-ով

PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 30-ի նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի պետք է փոփոխություններ իրականացվեն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում:

Նախարարը, ներկայացնելով օրենքի որոշ դրույթներ, վարչապետի կարծիքով բաց է թողել կարևոր կետերը, ինչը բարկացրել է Հովիկ Աբրահամյանին, և վերջինս սկսել է մանրամասնել օրենքը և հավելել, որ ըստ օրենքի փոփոխության զոհված զինծառայողների և՛ աշխատող, և՛չաշխատող ընտանիքները պարգևավճարներ են ստանալու:

«Նոր օրենքով 40%-ով ավելացել է պարգևավճարների չափը: Այս ամենը դուք պետք է ասեք, ոչ թե ես»,- ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Օրինագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում զոհված զինծառայողի ընտանիքների մոտ 50 անդամ կշարունակի ստանալ պարգևավճար (անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից): Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային կազմի զինծառայողների ընտանիքների մոտ 2.400 անդամ 11.600 դրամի փոխարեն կստանա 17.000 դրամ (աճը՝ շուրջ 46 տոկոս):

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով զոհված (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների), ինչպես նաև ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների շուրջ 3900 անդամ, ում կենսաթոշակի չափը ցածր է մինչև 31.000 դրամից (այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների շուրջ 2.800 անդամ, ում կենսաթոշակի չափը կազմում է 21.000 դրամ), զինվորական կենսաթոշակի փոխարեն կստանա 31.000 դրամ, իսկ երեխան՝ 38.000 դրամ պարգևավճար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---