Վերնիսաժում կրակոցների գործը. Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ միանգամից 4 հոդվածով

Վերնիսաժում կրակոցների գործը. Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ միանգամից 4 հոդվածով

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Վերնիսաժում կրակոցների գործը: Դատական տեղեկատվկան համակարգի DataLex.am կայքը հաղորդում է, որ ըստ գլխավոր մեղադրյալ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի՝ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9 մմ տրամաչափի «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014-ի մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2 մասի 1, 6, 10 Կետերի(Սպանությունը՝ երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով. պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ), 112 հոդվածի 2 մասի 1, 5, 9 կետերի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով. պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով) և 113 հոդվածի 2 մասի 6 կետի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) և 235 հոդվածի 1 մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը. պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:

Ըստ Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի՝ նրանք նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու վերաբերյալ իր ընկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։

Վ. Հովհանիսյանին և Ն. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3 մասի 1 Կետի հատկանիշներով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով և կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից. պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել կրակված 6 պարկուճները և 3 հատ կրակված գնդակները` 6 փաթեթով:

Մայիսի 17-ին ոստիկանություն ահազանգել էին, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած խումբը պարզել էր, որ անհայտ անձը Վարդանանց 18-ում կրակել է, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:

Հերթապահ բժշկուհու խոսքով, իրենց մոտ տեղափոխվել են 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 72-ամյա Մնացական Սուքիասյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը և 30-ամյա Նորայր Հարությունյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Առաքելյանը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Առաքելյանը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Առաքելյանը ձերբակալված է:

Photo: Aysor.am
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---