Ռաֆայել Լեմկինի անվան ծրագիր. Օտարերկրյա ասպիրանտները ՀՑԹԻ-ում կուսումնասիրեն Ցեղասպանության պատմությունը

Ռաֆայել Լեմկինի անվան ծրագիր. Օտարերկրյա ասպիրանտները ՀՑԹԻ-ում կուսումնասիրեն Ցեղասպանության պատմությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015-ի դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ ՀՀ բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2014-ի դեկտեմբերի 15-ն է: Հաղթող հավակնորդի անունը կհրապարակվի դեկտեմբերի 25-ին: Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով:

Ռաֆաել Լեմկինը ծնվել է 1900-ի հունիսի 24-ին: 14 տարեկան հասակում Լեմկինը տիրապետում էր 14 լեզուների, ներառյալ` ֆրանսերեն, իսպաներեն, եբրայերեն, իդիշ և ռուսերեն:

Լեմկինը հետաքրքրվում էր այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ` սկսելով հետաքրքրվել թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով: Լեմկինը ցեղասպանություն եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին ։ Ըստ այդ ցեղասպանությունը ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հատկապես հոգեբանական ազդեցություններ։

Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների` ցանկանալով համոզել նրանց աջակցել: ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: 1951-ին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն: Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնվենցիան բնորոշում է որպես` գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինընստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---