Ռիժկով. Սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք ԵՏՄ-ին միանալու հարցը

Ռիժկով. Սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք ԵՏՄ-ին միանալու հարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային խորհուրդը կանի հնարավոր ամենը, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ներկայացված լինեն պատշաճ մակարդակի վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, հայտարարել է հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ ասելով. «Ասեք մեզ՝ ինչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի»:

Հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ Հերմինե Նաղդալյանն էլ խոստացել է անպայման զբաղվել այդ հարցով, գրում է «Առավոտը»:

Նիստին հետևած մամուլի ասուլիսում Նիկոլայ Ռիժկովից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել:

«Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մենք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմի մեջ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք՝ ոչ, մի մտեք ձեր հայրենի տարածք»,- արձագանքել է Նիկոլայ Ռիժկովը:

Շարունակելով թեման և օրինակ բերելով մյուս չճանաչված տարածքներն ու հանրապետությունները, նա ասել է, որ եթե ԱՄՆ-ն ուժեղ կողմ է, դա չի նշանակում, որ կարող է ամենաթողությամբ զբաղվել.

«Եկեք սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել կազմում»:

Ղրիմի տարածաշրջանը հայտնվեց Ուկրաինական ԽՍՀ կազմում նախորդ դարի 50-ականներին, 2014-ի տվյալներով թերակղզու բնակչության մեծ մասը ռուսներ են: Մայդանից հետո Ռուսաստանը զորքերը մտցրեց Ղրիմ: Անցկացվեց հանրաքվե, բնակչության մեծ մասը հանդես եկավ Ռուսաստանին միանալու օգտին: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը գրավյալ տարածք է համարում:

Նա նաև հավելել է, թե ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսեթիան, Աբխազիան և մյուսները, գրում է Panorama.am-ը:

Ռիժկովը պատասխանել է նաև Հայաստանի դաշնակից ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու մասին հարցին՝ ասելով, որ բազմիցս առիթ է ունեցել խնդրին անդրադառնալ, բայց հիմա էլ ասում է` ինքը չգիտի, թե ինչու է այդպես, բայց մեկ բան հստակ է` խորհրդարանը սպառազինման մասով որևէ որոշում չի ընդունել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---