Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են մինչև տարեվերջ գազի գնի մասին

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են մինչև տարեվերջ գազի գնի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնեցրել են գազի գինը 100 դոլարի զեղչով: Այդ մասին հայտնել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՌԴ, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցություններից հետո:

Համապատասխան պայմանագիրը ստորագրել են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նրա ուկրաինացի պաշտոնակից Յուրի Պրոդանը և Գյունտեր Էթինգերը ԵՄ կողմից: Բացի, այդ, «Գազպրոմի» և «Նավթոգազի» ղեկավարներ Ալեքսեյ Միլլերն ու Անդրեյ Կոբոլևը ստորագրել են 2009 թ. համաձայնագրի լրացումը, որտեղ վերապահված են բոլոր տեխնիկական հարցերը, կապված նախարարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ, հայտնում է Deutsche Welle -ն:

Գազի գինն Ուկրաինայի համար նոյեմբեր-դեկտեմբերին կկազմի 378 դոլար 1000 խմ համար, հաստատել են ռուսական կողմի ներկայացուցիչները, գրում է BBC-ին՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանի վրա հղումով: Նա հավելել է, որ մինչ 2014-ի մարտի վերջը գինը կկազմի 365 դոլար 1000 խմ համար: Ավելի վաղ էներգետիկայի եվրահանձնակատար Էթինգերն ասել է, որ մինչ մարտի ավարտը Ուկրաինան կկարողանա կանխավճարային պայմանով ռուսական գազը ստանալ 385 դոլարով 1000 խմ համար կամ ավելի ցածր գնով: Սակայն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը դա չի հաստատել՝ ըստ նրա, 2015-ի առաջին եռամսյակում գազի գինն Ուկրաինայի համար կորոշվի կախված շուկայի պահանջներից:

Այժմ Ուկրաինան 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին պետք է «Գազպրոմի» հաշվին փոխանցի 4,6 մլրդ դոլար՝ մարելով նախկինում արդեն առաքված գազի համար կուտակված պարտքը և ևս 4 մլրդ խմ գազ գնելու համար: Վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է 3,1 մլրդ դոլարի առկայության մասին:

Մինչդեռ, ռուսական հումանիտար օգնության նոր խմբաքանակով բեռնատարները շտապում են օգնության Դոնբասի բնակիչներին՝ անցնելով մաքսային ու անձնագրային հսկողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակներում կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Օլեգ Վորոնովի, ավտոմեքենաները հատել են սահմանը «Դոնեցկ-Իզվարինո» և «Մատվեև Կուրգան» անցակետերում: Մեքենաները բաժանվել են երկու շարասյան, մեկը բեռները կտանի Լուգանսկ, մյուսը՝ Դոնեցկ: 100 բեռնատար մոտ հազար տոննա բեռ է տանում՝ շինանյութ, սնդդամթերք, դեղորայք, ձմռան նախապատրաստման նյութատեխնիկական բազա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---