Աբխազական երկաթուղու շուրջ բանակցություններ են ընթանում. Հնարավոր է՝ շուտով վերագործարկվի

Աբխազական երկաթուղու շուրջ բանակցություններ են ընթանում. Հնարավոր է՝ շուտով վերագործարկվի

PanARMENIAN.Net - Աբխազական երկաթուղու վերագործակման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Այս մասին հայտարարել է նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը՝ նկատելով, որ հարցը ոչ թե տնտեսական է, այլ շատ ավելի քաղաքական, գրում է Tert.am-ը:

«Ինչպես հայկական կողմը, այնպես էլ՝ ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են այս ծրագրի իրականացումը, այսինքն՝ աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը։ Ուղղակի վերջերս հուսադրող արտահայտություններ անելու հնարավորություններն ավելի մեծացել են. մասնավորապես ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Յակունինի կողմից հայտարարություն է հնչել, որ կան հուսադրող ազդակներ։ Քանի որ բանակցությունները փակ են ընթանում, այսինքն՝ հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, այնտեղ խնդիր կա պայմանավորվելու Վրաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև, երևի թե պատկերացնում եք, որ այդ խնդիրը շատ բարդ մի կծիկ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ևս ներգրավված է այդ գործընթացների մեջ»,- ասել է Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ շուտով կկարողանան կարևոր հայտարարությամբ հանդես գալ։

Զինված հակամարտությունն Աբխազիայում սկսվեց 1992 թ. օգոստոսի 14-ին: Պատերազմը տևեց 13 ամիս և 13 օր, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավորները փախստական դարձան, Աբխազիան դուրս եկավ Թբիլիսիի վերահսկողությունից:

Անդրադառնալով հանրապետական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե խոստումը ՀՀ-ին տրվել է ԵՏՄ անդամակցության շրջանակներում, Ռուսաստանի կողմից, փոխնախարարը նշել է՝ ոչ թե խոստում է, այլ ավելի շատ քաղաքական և տնտեսական գործոնների ազդեցություն. «Բանակցություններն այդ ուղղությամբ շատ վաղուց են, նոր չեն սկսվել»։

Հոկտեմբերի 13-ին «Օդնակո» նախագծի կայքում զետեղված հոդվածում նշվում է, որ ԵՏՄ-ին Երևանի ինտեգրման գլխավոր և առանցքային խնդիրը Ռուսաստանի կամ դաշնակիցներից որևէ մեկի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է, ինչը Հայաստանին դասում է Կալինինգրադի մարզի և Մերձդնեստրի շարքին:

«Եթե առաջին դեպքում հաջողվեց տարանցում կազմակերպել Մերձբալթիկայի տարածքով, ապա Մերձդնեստրը դարձել է եվրաինտեգրման ճանապարհին գտնվող հարևանների ու չճանաչված կարգավիճակի պատանդը: Սակայն Հայաստանից Ռուսաստան երկաթուղային տարանցումը Վրաստանի տարածքով կախված է աբխազական երկաթուղու վերագործարկումից: Ուստի զուտ տնտեսական խնդիրը վերածվում է արտաքին քաղաքականության հարցի»:

Խոսելով վերաշահագործման համար անհրաժեշտ գումարի մասին՝ Արթուր Առաքելյանը նշել է, թե նախագծային կոնկրետ աշխատանքներ չեն իրականացվել, այսինքն՝ վերջնական հաշվարկներ չկան:

Հարցին, թե ի վերջո երբ կգործի երկաթգիծը, տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալը պատասխանել է, որ շատ կարճ ժամանակահատվածի հարց է:

Ավելի վաղ Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Բեսլան Գուբազը հայտարարել էր, որ տեղին չի համարում աբխազական երկաթուղու վերսկսման հարցի քննարկումը, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանի հետ, քանի դեռ պաշտոնական Երևանը չի ճանաչել Աբխազիայի պետական ինքնիշխանությունը:

Աբխազիայի հայ հանրության ներկայացուցիչները հուլիսի 8-ին հանդես են եկել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ լայն հանրային քննարկում նախաձեռնելու առաջարկով, ինչը տնտեսապես շահավետ է Աբխազիայի համար: Փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի Հերոս Վաղարշակ Քոսյանը, ինչպես նաև երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի Հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանակիր Կարապետ Ղարագյոզյանը և չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրումյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---