«Հին Երևան»-ի կառուցմանը նախապատրաստվելիս. Մինչև $120-130 մլն-ի ներդրումի հնարավորություն կա

«Հին Երևան»-ի կառուցմանը նախապատրաստվելիս. Մինչև $120-130 մլն-ի ներդրումի հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումներ կսկսվեն: Այդ մասին որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում: Ինչպես մանրամասնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, այս որոշմամբ սկսվում են «Հին Երևան» ծրագիրն արդյունավետ և լիարժեք իրականացնելու աշխատանքները:

Որոշումը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխություններն ու նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը:

«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015-ի վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին քաղշիննախարարն ընդգծել է, թե ցանկալի է, որ միասնական կառուցապատող լինի.

«Այդ խնդիրը լուծելու համար բոլոր տարածքները տրվում են մեկ միասնական կառուցապատող ընկերության»,- նշել է նա, գրում է Tert.am-ը:

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Կառավարությունը 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ էր ճանաչվել Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը: Ըստ քաղաքապետարանի, դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդն ու Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Այսպիսով, Կառավարության որոշմամբ նույն բաժնետերն ունեցող «Գլենդել Հիլզ» և «Ի-Էմ-Սի» ՓԲԸ-ներին 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով ընկերություններին պատկանող հողամասերը մասնակի հատուցմամբ՝ շահութահարկի հաշվառման նպատակներով հարկային բազային ինքնարժեքին հավասար գներով կօտարվեն նույն բաժնետերն ունեցող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:

ՀՀ քաղաքաշինության նախարարը պետք է մշակի համալիրի կառուցապատման նախագիծը՝ նախատեսելով ստորգետնյա 2 և վերգետնյա առավելագույնը 3 լրիվ և 1 մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:

Կոնդում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքների ավարտի և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախագիծը նախատեսում է թաղամասում առկա հողամասերը փոխանցել «Գլենդել Հիլզ»-ի խմբին՝ իրացվողների ու նախնական գնորդների հանդեպ պարտավորություններով հանդերձ։

Ըստ քաղշիննախարարության ներկայացրած նախագծի, որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխությունները, բարենպաստ միջավայր ստեղծել ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նվազեցնել վերոնշյալ ծրագրերի հետ կապված ռիսկերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---