Թուրքիան կկասեցնի ԵՄ հետ մաքսային միությանը մասկանցությունը, եթե իր շահերն անտեսվեն

Թուրքիան կկասեցնի ԵՄ հետ մաքսային միությանը մասկանցությունը, եթե իր շահերն անտեսվեն

PanARMENIAN.Net - Թուրքիան կկասեցնի մասնակցությունը ԵՄ հետ մաքսային միությանը, եթե նրա տնտեսական շահերը հաշվի չառնվեն ԵՄ և ԱՄՆ միջև Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերության պայմանագիր ստորագրելիս: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրը:

Ըստ Բոզկիրի, երբ Թուրքիան 1995 թ. մաքսային դաշինք կնքեց ԵՄ հետ, այն դրույթ ուներ առ այն, որ ԵՄ և այլ երկրների միջև համաձայնագրերը չեն տարածվում Թուրքիայի վրա: Հետևաբար, ԵՄ հետ ազատ առևտրի ռեժիմ ստացող երկրները կարող են Թուրքիա ապրանք արտահանել 0 տոկոս մաքսատուրքով: Եթե ամերիկյան ապրանքները զրոյական մաքսատուրքով հայտնվեն թուրքական շուկայում, Թուրքիան կարող է կորցնել 2,5-3 մլրդ դոլար, ասել է նախարարը:

«Մենք չենք կարող մաքսային միության առավելությունները տալ բոլոր այն երկրներին, որոնց հետ Եվրամիությունը նման համաձայնագիր կկնքի: Եթե ԵՄ պայմանագիրն ԱՄՆ հետ Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերության վերաբերյալ ստորագրվի, և Թուրքիան անպաշտպան մնա, մենք ստիպված կլինենք սառեցնել մեր անդամակցությունը ԵՄ հետ մաքսային միությանը»,-ասել է Բոզկիրը լրագրողներին Նորվեգիա այցի ժամանակ:

Հոկտեմբերին Եվրամիության երկրների համապատասխան նախարարությունները, որոնք պատասխանատու են առևտրային քաղաքականության համար, կողմ արտահայտվեցին ԱՄՆ հետ վերոնշյալ պայմանագրի շուտափույթ կնքմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 30-ին Վոլկան Բոզկիրը ներկայացրեց Եվրամիությանն անդամակցելու գործողությունների նոր ազգային ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք օրենսդիր ակտեր ընդունել թուրքական օրենսդրությունը եվրոպականի հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:

«Գործողությունների ազգային պլանը երաշխավորում է, որ Թուրքիան կկատարի ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները: Մենք արդեն մոտ 2000 նոր օրենք ենք ընդունել վերջին 12 տարում, և կարող ենք հպարտանալ դրանով»,-հայտարարել է Բոզկիրը Անկարայում մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ առաջին փուլում՝ 2014-ի նոյեմբերից մինչև 2015-ի հունիսը Թուրքիան պետք է 36 նոր օրենք ու 142 ենթաօրենսդրական ակտ ընդունի: Նախարարը նշել է ծրագրի երեք հիմնական բաղադրիչները՝ «քաղաքական բարեփոխումների հիմնավորվածություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումների անկասելիություն, հաղորդակցման արդյունավետություն»: Ըստ Բոզկիրի, անդամակցությունը ԵՄ-ին ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական գործընթաց է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրեց երկրի 62-րդ կառավարության ծրագիրը: «Մենք կիրականացնենք ԵՄ հետ բանակցություններին վերաբերող գործողությունների ծրագիր: Այն նախատեսված է 2014-2015 թթ. համար: Նախորդ կառավարությունն այդ ոլորում բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել, սակայն այժմ գործընթացը դանդաղել է: Նոր խթան է հարկավոր: Լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին կառավարության գլխավոր նպատակներից մեկն է»,-ասաց նա: Դավութօղլուն նշեց նաև, որ նախարարների կաբինետը մտադիր է «կայուն ու անվտանգ քաղաքականություն» վարել եվրաինտեգրման հարցում: Մասնավորապես, կառավարությունը կպայքարի բանակցային ծրագրի սառեցված կետերը բացելու համար:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: Միությանն անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 13-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---