Հայաստանը և Իրանը կմիացնեն երկաթուղային ճանապարհները

Հայաստանը և Իրանը կմիացնեն երկաթուղային ճանապարհները

PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության փոխնախարար Ալի Նուրզադը Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի հատուկ ծրագրով նախատեսվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատել բոլոր հարևան երկրների հետ:

Ինչպես նշել է Նուրզադը, ըստ երկրի զարգացման հեռանկարային ծրագրերի, առաջիկա 10 տարում Իրանի երկաթգծի ընդհանուր երկարությունը պետք է ավելանա մոտավորապես 10 հազար կիլոմետրով, ինչը կնպաստի բեռնափոխադրումների ծավալի զգալի աճին տարածաշրջանում:

Մատնանշելով երկու երկրների միջև վաղեմի ու բարիդրացիական հարաբերությունները՝ Ալի Նուրզադը նշել է, որ Իրանն ու Հայաստանը գործակցում են միմյանց հետ տարբեր ոլորտներում, շատ ընդհանուր բան ունեն և կան բոլոր հիմքերը հուսալու, որ համագործակցությունը հաջող կլինի և երկաթուղային տրանսպորտի ոլորտում, հայտնում է Iran.ru-ն: Ըստ Ալի Նուրզադի, այժմ Իրանում շահագործվող երկաթուղու երկարությունը մոտ 10 հազար կմ է, Իրանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային տրանսպորտի զարգացման վրա: Երկաթուղային տրանսպորտի բաժինը երկրի ընդհանուր տրանսպորտային բեռնափոխադրումներում նախատեսվում է ավելացնել չորս անգամ, և դրա համար մոտ 10 մլրդ եվրո ներդրումներ են անհրաժեշտ: Ինչպես նշել է Իրանի նախարարը, համաձայնագիրը Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության ոլորտում կնպաստի երկու երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու տարանցիկ փոխադրումների ընդլայնմանը:

Արթուր Առաքելյանն իր հերթին հայտարարել է, որ հայ պատվիրակության Իրան այցելության նպատակն է նախապատրաստել երկաթուղային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջև, և հույս է հայտնել, որ իրանական կողմը իր տարածքով երկաթուղի կկառուցի մինչև Հայաստանի հետ սահմանը և այդպիսով պայմաններ կստեղծի երկու երկրների երկաթուղային ցանցերը միավորելու համար: Նրա խոսքով, հայկական կողմն արդեն կատարել է անհրաժեշտ հետազոտությունները: Հայաստանը դեռ 300 կմ երկարությամբ երկաթուղի պիտի կառուցի մինչև Իրանի սահմանը և մոտ 100 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ ու կամուրջներ:

Հարկ է նշել, որ ՀՀ տրասպորտի ու կապի փոխնախարարն ու նրան ուղեկցող տրանսպորտի ոլորտի ղեկավարներն Իրան են այցելել Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության ղեկավարության հետ բանակցելու և Իրանի ու Հայաստանի երկաթուղային ցանցերի միացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---