// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաև իրավիճակի լարման:

«Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումն ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռն արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- գրել է Հովհաննիսյանը` հավելելով, որ ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը. «Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»:

Razm.info-ն սեփական աղբյուրներին հղումով գր է, որ խոցվելու պահին ուղղաթիռն Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել և վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է 3 զոհի մասին տեղեկությունը:

Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նշում են, որ հայկական օդուժի ուղղաթիռը խոցվել է «Աղդամի շրջանում՝ Չեմենլի բնակավայրի մոտակայքում»։ Haqqin.az-ը գրում է, որ ուղղաթիռն ընկել է ադրբեջանական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքում և այրվել:

Շարունակվում են Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք մեկնարկել են 2014-ի նոյեմբերի 6-ին։ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

ԼՂՀ ՊԲ կողմից զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 000 զինծառայող, այդ թվում նաև պահուստային ռեզերվից, 1550 միավոր հրետանի, 600 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 300 միավոր, 106 միավոր հատուկ տեխնիկա, 1300 միավոր հակատանկային միջոց, մոտ 3000 ավտոմեքենա:Այսպիսով, ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է մոտ 47 000 մարդ, 2100 միավոր հրետանի, 850 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 450 միավոր, 260 միավոր հատուկ տեխնիկա, 1600 միավոր հակատանկային միջոցներ, մոտ 4200 ավտոմեքենա:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրադադարը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:Հոկտեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 550 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կողմի կորուստները:

ՀՀ և ԱՀ նախագահներն այս տարի արդեն երեք անգամ հանդիպել են: Դրանցից վերջինը հոկտեմբերի 27-ին էր Փարիզում: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս
Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին
Պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը
Մինչդեռ զբոսաշրջիկնեի 24 տոկոսը գերադասում է իրենց նախընտրած «իդեալական տարբերակը». տանը՝ ծածկոցի տակ, գրքով և կատվի ընկերակցությամբ