ԼՂՀ ՊԲ. Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ողջ լինել

ԼՂՀ ՊԲ. Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ողջ լինել

PanARMENIAN.Net - Կասկածներ կան, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում: Այս մասին ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամն էլ զոհվել է։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նույնպես հաստատել է այն կասկածները, որ անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել: Այս պահին աշխատանքներ են տարվում դա ճշտելու համար։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձնենք անձնակազմի դիակները, արդեն դիմել ենք Կարմի խաչի միջազգային կոմիտեին, այսինքն՝ քաղաքակիրթ ձևով ենք ուզում ամենն անել» - նշել է Բաբայանը:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման դծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Ավելի վաղ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԼՂ-ում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։

Հանձնաժողովի դիմումում ևս նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամի՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին վերահաստատել է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել` ստանալով համապատասխան պաշտոնական հայտերը հակամարտության կողմերից. «Մենք հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ ենք»:

Կարդացեք նաև` Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է. Ադրբեջանը տեղանքը կրակի տակ է պահում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---