Դդմի օր Երևանի կենդանաբանական այգում. Տոնին մասնակցել է մոտ 1500 երեխա

Դդմի օր Երևանի կենդանաբանական այգում. Տոնին մասնակցել է մոտ 1500 երեխա

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգու ամենամսյա միջոցառումները, որին մասնակցում են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր անկյուններից, նպատակ ունեն ոչ միայն հետաքրքիր ու հագեցած դարձնել պատանի այցելուների օրը, այլև համալրել բնության մասին նրանց գիտելիքները, գրագետ վերաբերմունք ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ:

Այդպիսի միջոցառում էր «Դդմի օր» տոն-մրցույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառմանն աջակցում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հիմնադրամի բնապահպանական կրթության երկարաժամկետ նախագծի շրջանակում իրականացվող «Դդմի օր» տոն-մրցույթը հնարավորություն է՝ տարբեր կենդանիների սննդակարգի ու կենսակերպի մասին սովորելու, նաև՝ գիտակցելու կենդանական աշխարհի հանդեպ մեր պատասխանատվությունը: Աշնանային այս գունավոր տոնին մասնակցել է մոտ 1500 երեխա՝ ստեղծարար ու հնարամիտ լուծումներով ձևավորելով դդմից, այլ մրգերից ու բանջարեղենից իրենց սիրելի կենդանու համար պատրաստված կերակուրները:

Ամենանորարար ուտեստ պատրաստած խումբը՝ Հայ-ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցը, շահել է օրվա գլխավոր մրցանակը՝ լուսանկարչական ապարատ: Լավագույն գաղափարի համար պարգևատրվել է Խ. Աբովյանի անվ. №84 հիմնական դպրոցը, իսկ ամենահամեղ ուտեստը պատրաստել էին Գ. Ստեփանյանի անվ. №135 հիմնական դպրոցի սաները: Հանձնվել են նաև հատուկ խրախուսական մրցանակներ և վկայագրեր:

«Մենք արջի համար ենք կերակուր պատրաստում: Դդմի մեջ լիքը բանջարեղեն ու միրգ ենք լցրել, ու որպեսզի արջուկին ավելի շատ դուր գա, էդ ամենի վրա շա՜տ մեղր ենք լցրել»,- պատմել է իննամյա Արսենը, որը մրցույթին մասնակցում էր իր դասընկերների հետ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի համար «Դդմի օր»-ն ավելին է, քան զվարճալի միջոցառում:

«Այս նախաձեռնությունները թույլ են տալիս երեխաներին ընդլայնել գիտելիքներն իրենց շրջապատող աշխարհի, կենդանիների մասին, մասնավորապես՝ ինչպես կերակրել ու խնամել նրանց: Մեր ապագան շատ ավելի լուսավոր կլինի, եթե երեխաները վաղ տարիքից սովորեն հարգել իրենց շրջակա միջավայրը», - նշել է նա:

Միջոցառումն առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով Երևանի կենդանաբանական այգին նոյեմբերի 15-ին անվճար մուտք էր սահմանել մինչև 16 տարեկան երեխաների և 70-ն անց թոշակառուների համար:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---