Մարզահամերգային համալիրում հրդեհ էր․ Այրվել է 25 քմ տարածք

Մարզահամերգային համալիրում հրդեհ էր․ Այրվել է 25 քմ տարածք

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին՝ ժամը 21։25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս, տեղեկացնում են ԱԻն-ից:

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։26-ին:

Արդյունքում այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25 քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25 քմ):

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մայրաքաղաքի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։ Համալիրը 2005-ի օգոստոսին 5.700.000 դոլարով մասնավորեցվել է ԲԱՄՕ ընկերությանը: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ` 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբեր ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

Սա Համալիրում առաջին հրդեհը չէ։ 1984-ին դրա համերգային հատվածում, որտեղ դեռ շարունակվում էին շինաշխատանքները, մեծ հրդեր էր բռնկվել։ Արագ տարածվող կրակը կարճ ժամանակում ընդգրկել էր համալիրի մեծ և փոքր դահլիճները` վնասելով շինությունը: Բոլորը շտապում էին դեպի Ծիխեռնակաբերդ՝ օգնելու մարելու հրդեհը։ Այդ օրը կազմված արձանագրության համաձայն, այն բռնկվել էր կարճ միացման պատճառով։ Կրակը հաջողվեց մարել: Ավելի ուշ իր ելույթում Կարեն Դեմիրճյանը խոստացել էր արագ վերացնել հրդեհի պատճառած վնասները և բացել համալիրը, ինչն էլ արվեց մի քանի ամսից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---