System Of A Down-ը 2015-ի ապրիլին Մոսկվայում համերգ կտա

System Of A Down-ը 2015-ի ապրիլին Մոսկվայում համերգ կտա

PanARMENIAN.Net - Ամերիկյան System Of A Down (SOAD) ռոք խումբը Մոսկվայում 2015-ի գարնանը համերգ ունի: Այն տեղի կունենա «Օլիմպիյսկի» համալիրում ապրիլի 20-ին:

Ինչպես ասվում է խմբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, տոմսերի վաճառքը մեկնարկում է նոյեմբերի 18-ին: Մոսկովյան համերգը խմբի միակ ելույթը կլինի Ռուսաստանում եկող տարում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, Սերժ Թանկյանը մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին նոր մեներգերով ու համատեղ նախագծերով: Աշնանը նա էլեկտրոնային պարային երաժշտության պրոդյուսեր Բեննի Բենասիի հետ համատեղ թողարկեց Shooting Helicopters թրեկը: Թանկյանը նաև հայտնի է իր ելույթներով սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մյուս երաժիշտները ևս նրանից հետ չեն մնում: Կիթառահար Դարոն Մալաքյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը կազմակերպել են համատեղ Scars on Broadway նախագիծը: Մինչդեռ SOAD կազմում երաժիշտները նոր ալբոմներ չեն թողարկել 2005-ից ի վեր: Այն ժամանակ նրանք թողարկեցին հինգերորդ ստուդիական «Hypnotize» ձայնասկավառակը:

Սերժ Թանկյանի վերջին համերգը Ռուսաստանում եղել է 2013-ին: Երաժիշտը հանդես եկավ Մոսկվայում սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Երաժիշտը նվագախմբի հետ կատարեց իր «Orca» ալբոմի ստեղծագործությունները, ինչպես նաև սիմֆոնիկ ձևաչափի համար վերամշակված «Elect the Dead» ալբոմը: 2010-ին Թանկյանը համերգով հանդես եկավ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում «Գլոբալիս» սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը հայտնի է աշխատանքով ռուս ռոք երաժիշտների հետ:

System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System") մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը։ Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ։ System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում։ Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։ Խմբի բոլոր անդամները հայեր են:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումը: SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։ Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ Spiders («Սարդեր») երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։

2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։

Վերամիավորվել են 2011 թվականին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---