$40 մլն-ի ներդրում Երևանում. Կկառուցվի «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը

$40 մլն-ի ներդրում Երևանում. Կկառուցվի «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնների ցանցն ընդլայնում է սահմաններն ու դուրս գալիս Հայաստանի շուկա նոր նախագծով Երևանում: Կենտրոնը կկառուցի Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի դեվելոփեր «Տաշիր» ընկերությունների խումբը, որը հանդես կգա որպես կատարող նախագծի իրականացման բոլոր փուլերում: Նախագծումը, կառուցումը, բրոքերիջը, շահագործումն ու հետագա կառավարումը «Տաշիրը» կիրականացնի սեփական միջոցներով: Ներդրումների ծավալը կկազմի 40 մլն դոլար, գրում է Arendator.ru-ն:

Նախագիծն ադեն 50 տոկոսով պատրաստ է, նոր կենտրոնի բացումը նախատեսվում է 2015-ի չորրորդ եռամսյակում: Երևանյան «Ռիոն» առևտրի և զվարճանքի կենտրոնների խոշորագույն դաշնային ցանցի հերթական նախագիծն է, որը 2005 թվականին առաջին «մոլի» գործարկումից ի վեր հաջողությամբ զարգանում է Ռուսաստանի տարածքում: 2014-ի նոյեմբերի տվյալներով գործում է 20 նմանատիպ կենտրոն 16 քաղաքում: «Ռիո» կենտրոնի բացումը Հայաստանում կնշանավորվի ռիթեյլի առաջատար օպերատորների մուտքով, որոնք նախկինում ներկայացված չեն եղել հայկական շուկայում: Ընդհանուր առմամբ համալիրում մոտ 100 վարձակալ կլինի՝ ռուսական և միջազգային բրենդեր, ինչպես նաև տեղի օպերատորներ:

Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 21 հազար քմ է, այն տեղակայվելու է Երևանի ամենադինամիկ զարգացող վարչական շրջաններից մեկում՝ Արաբկիրում. մի կողմից դուրս գալով Քոչար-Փափազյան խաչմերուկ, մյուս կողմից՝ Սարալանջի փողոց: Այդ գոտում ապրում է մոտ 600 հազար մարդ: «Ռիո» կենտրոնին մոտենալը այցելուների համար հարմարավետ կլինի, կկառուցվի նաև ստորգետնյա կայանատեղի ավտոմեքենաների համար:

Որպես նախագծի հիմնարար վարձակալներ ներկայացված կլինեն սննդամթերքի սուպերմարկետը, «Սինեմա սթար» ցանցի Երևանում երկրորդ կինոթատրոնը և Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը:

Ապագա առևտրի կենտրոնի վայրը խիտ բնակեցված թաղամասում թույլ կտա ապահովել օրական 12 հազար այցելու աշխատանքային օրերին և մինչև 18 հազար այցելու հանգստյան օրերին:

1999-ին հիմնված «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատերն է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Այսօր ընկերությունը միավորում է մոտ 200 ընկերություն, որոնք գործում են էկոնոմիկայի տարբեր ոլորտներում, աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 40 հազարի:

2011-ի տվյալներով «Տաշիր Գրուպը» կառուցել և ղեկավարում է մոտ 65 կոմերցիոն նշանակության օբյեկտ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 1 մլն 750 հազար քմ: Այսօրվա դրությամբ գործում է 19 առևտրի և զվարճանքի կենտրոն Մոսկվայում, ՌԴ այլ քաղաքներում և Երևանում և 7 բիզնես կենտրոն Մոսկվայում, Կալուգայում և Երևանում:

2014թ. Կարապետյանը Forbes ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարի» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---