Հակոբ Ինջիղուլյանը կրկին բանակում է. Նա շարունակում է զինվորական ծառայությունը

Հակոբ Ինջիղուլյանը կրկին բանակում է. Նա շարունակում է զինվորական ծառայությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կրկին բանակում է. նա շարունակում է պարտադիր զինվորական ծառայությունը: Հակոբի մայրը՝ տիկին Գայանեն հայտնել է, որ նա արդին ծայառում է իրենց բնակավայրին մոտ գտնվող զորամասում: Շարքային Հակոբ Ինջիղուլյանը բանակում կծառայի ևս 9 ամիս, և մոր խոսքով` առողջական որևէ խնդիր չունի, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ` նոյեմբերի 4-ին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս հայտարարել էր, որ Ինջիղուլյանը շարունակելու է ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, սակայն կոնկրետ չէր նշել` երբվանից:

Իսկ նոյեմբերի 5-ին Հովհաննիսյանը հաստատել էր մամուլում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ. առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը:

«Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:

Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը, որի շրջանակում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ գտնվելու պայմանները։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Կոմիտեից հայտնում են, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում։

Արդեն նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի լույս 2-ի գիշերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է: Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Ինջիղուլյանը, իր համար շատ մեծ ուրախություն է Հայաստանում գտնվելը, հայրենիք վերադառնալը:

«Շնորհակալ եմ միջազգային այն կազմակերպություններին, որոնք օգնեցին ինձ ազատվել ադրբեջանական գերությունից, այնուհետև Հայաստան վերադառնալ: Ինքնակամ եմ որոշել վերադառնալ հայրենիք, բայց նրանք ինձ օգնել են այդ հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է գնալ ու շարունակել 9 ամսվա ծառայությունը: Այն մասին, որ Ինջիղուլյանի գործն անցել է ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ, հայտնի էր դարձել դեռևս մարտին։ Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից երրորդ երկիր էին տեղափոխել օգոստոսի 26-ին, ինչի մասին ընտանիքը, ըստ նրա եղբոր, իմացել էր միայն օգոստոսի 28-ին: Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել էր Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը:

«Երրորդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- ավելի վաղ նշել էր նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու մոլորված Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---