ՄԱԿ ԳՎ-ն հերթական բանաձևն է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ ԳՎ-ն հերթական բանաձևն է ընդունել Սիրիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 3-րդ կոմիտեում քվեարկության դրվեց բանաձևը, որով Սիրիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատվությունը դրվում է Դամասկոսի վրա:

Սաուդյան Արաբիայի ներկայացրած փաստաթուղթն ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ կողմ քվեարկեց 125 երկիր, 13-ը դեմ էին, ևս 47-ը՝ ձեռնպահ:

Բանաձևը «վճռականորեն դատապարտում է սիրիական իշխանությունների բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, որը շարունակվում է 2011 թ. խաղաղ բողոքներից ի վեր, և պահանջում է, որ Սիրիայի իշխանություններն անհապաղ դադարեցնեն ցանկացած հարձակումները քաղաքացիական շրջանների ու հանրային վայրերի վրա, այդ թվում ահաբեկչության մարտավարության կիրառմամբ, օդային հարվածներով, քիմիական զենքի ու ծանր հրետանու օգտագործմամբ»:

Քվեարկության արդյունքում ՌԴ ԱԳՆ Հումանիտար գործակցության ու մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Անատոլի Վիկտորովը հայտարարեց, որ բանաձևն «առճակատման ու անվստահության» մթնոլորտ է ստեղծում երկրում»: «Եվ դա տեղի է ունենում այն պահին, երբ միջազգային հանրությանն այդքան հարկավոր է համախմբվելը Սիրիայում ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար»,-նշել է նա:

Ըստ դիվանագետի, փաստաթղթի հեղինակները «գործում են քաղաքական և դիվանագիտական կարգավորման տրամաբանության դեմ՝ հիմնական պատասխանտվությունը բարդելով կառավարության վրա, այն դեպքում, երբ ոչ թե կառավարությունն, այլ զինյալ ընդդիմությանն է պետք հորդորել, որ նա բանակցի իշխանությունների հետ», հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ փաստաթղթում ոչ մի անգամ չի հիշատակվում զինյալ ընդդիմությունը, կամ նրա հակաիրավական գործողությունները: Սիրիայի իշխանություններից բացի այդ գործողությունները վերագրվում են միայն ահաբեկչական խմբերին, «Իսլամական պետությանն» ու «Ջեբհաթ ան Նուսրային»: «Կադրից դուրս են մնում խաղաղ բնակիչների սպանությունները, հաճախ առանձնակի դաժանությամբ, կտտանքները, խաղաղ բնակչության հրետակոծությունները, հաճախ նաև պրոցների, այլ քաղաքացիական օբյեկտների»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը: Նա նշել է նաև, որ փաստաթուղթն անտեսում է գրոհայինների կողմից իրականացվող էթնիկ ու կրոնական զտումները:

Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին խստորեն քննադատել է Սաուդյան Արաբիային, որի հասցեին, ըստ նրա, ևս կարող են բազում հարցեր հնչել մարդու իրավունքների պահպաման առումով: «Լսելով նրանց քարոզը մարդու իրավունքների մասին, ինձ մի պահ թվաց, որ ես աբսուրդի թատրոնում եմ»,-հայտարարել է դիվանագետը: Նա ուշադրություն է հրավիրել «սաուդիստական ահաբեկչական ռեժիմին», ինչպես նաև Քաթարի իշխանություններին, որոնք նույնիսկ չեն ճանաչում «սեփական ժողովրդի ձայնի իրավունքը»: «Ուստի այդ երկրներում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն հեղաշրջման կամ հաջող մահափորձի արդյունքում»,-ասել է Ջաաֆարին:

ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այդ ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---