Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պիես է բեմադրվում, բայց բեմ չեն գտնում

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պիես է բեմադրվում, բայց բեմ չեն գտնում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ռեժիսոր Նիհաթ Մուրշիթփընարը սկսել է հայերի տեղահանության և կոտորածների մասին պատմող պիեսի բեմադրությունը:

Հեղինակն Օզգյուր Օզջանն է: Նա խոսել է իր իսկ գրած ստեղծագործության մասին և նշել, որ այն բեմ է բարձրանալու 2015-ին: Խոսելով ստեղծագործության մասին՝ հեղինակը նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրները 1915-ին չեն սկսվել ու ավարտվել: Դրանք շարունակվում են մինչև այժմ:

«Պիեսը գրելիս փորձել եմ գտնել պատասխանն ու հանդիսատեսից հարցնել, թե ինչ է փոխվել ու ինչ չի փոխվել անցած 100 տարիվա ընթացքում: Կոտորածները տեսնելով լուռ մնացած մարդիկ կոտորողների չափ հանցավոր են»,- ասել է նա։

Պիեսում հայրենիքից հեռանալ հարկադրվածները հանդիպում են արտերկրում՝ Անդո քեռու մոտ:Tert.am-ը գրում է, որ հեղինակը նաև մանրամասնել է, թե ինչ դժվարությունների են հանդիպում պիեսը ցուցադրելու համար բեմ գտնելու հարցում:

«Մարդիկ մտածում են, որ դրանով իրենց կառույցները վտանգի տակ կդնեն: Այն, որ պիեսը հայերի և 1915-ին մասին է և բեմադրվելու է 2015-ին՝ ջարդերի 100-ամյակին, մարդկանց կաշկանդում է: Դեռ բեմ ենք փնտրում: Մեր ներկայացումը նաև հայերեն է թարգմանվելու»,- մանրամասնել է Օզջանը:

Հայոց ցեղասպանությանն առնչվող հարյուրավոր գիտական ու փաստական աշխատություններ ու գրքեր են հրատարակվել աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգերի գիտնականների կողմից: Մի ամբողջ գրադարան կարող են կազմել գեղարվեստական գրականության անդրադարձները` տարբեր ժանրային իրացումներով:

Վերջին շրջանում Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր են հեղինակում նաև թուրք գրողները: Թուրք գրող Աբդուլլահ Գազելը, օրինակ, իր նոր «Աքբեզ. վերջին բերդը» վեպում պատմել է իր ծննդավայրից՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Աքբեզ գյուղից հայերին տեղահանելու պատմությունը: Պատմական տվյալներով հարուստ ստեղծագործության մեջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերին անդրադարձ է արվում և պատմվում է, թե ինչպես են դրանք անդրադարձել կոնկրետ մեկ գյուղի վրա:

Վերջերս ևս մեկ թուրք հեղինակի Ցեղասպանությանը նվիրված գիրքը թարգմանվեց հայերեն: Գերմանաբնակ, ազգությամբ թուրք Էրդալ Շահինիի «1915 -ի դահճի փոխակերպում» Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի հայերեն տարբերակը հոկտեմբերի 9-ին ներկայացվեց լրագրողներին: Ինքը հեղինակը նշել է, որ հայերի պատմության դժբախտ էջի համար նաև իրեն է մեղավոր ճանաչում: Իսկ 2012-ին հրատարակված «Արսինե» վեպը, որը գրվել է 107-ամյա հայ կնոջ պատմած փաստերի հիման վրա, մի շարք կազմակերպությունների, միությունների կողմից առաջարկվել է որպես 2015 թվականին գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---