Սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

Սահմանամերձ համայնքների հարկային արտոնությունների մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում 97 կողմ և առանց դեմ ու ձեռնպահ ձայների երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Վերջնական հաստատման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից և կգործի մինչև 2018-ի հունվարի 1-ը:

Օրինագիծը նոյեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ ևս ընդունվել էր միաձայն` 100 կողմ և առանց դեմ և ձեռնպահ ձայների: Ավելի վաղ` նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ավելի վաղ հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քվեարկության դրված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը ևս ընդունվել է. ձայների հարաբերակցությունը` 76 կողմ, 3 դեմ և 18 ձեռնպահ:

Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

2014-ի սեպտեմբերի 3-ի վարչապետի որոշմամբ այս հարցով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որին հանձնարարվել էր սահմանամերձ համայնքներում 2002-2014 թթ. իրականացված ծրագրերի մոնիթորինգ կատարել, գույքագրել ներկայիս կարիքները, այդ համայքների համար հարկային և սոցիալական արտոնությունների համակարգ մշակել, նպաստների վճարման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, ինչպես նաև նշված համակարգի ներդրման առանձնահատկությունները տարբերակելու նպատակով սահմանամերձ համայնքների դասակարգում կատարել:

Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողահարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Ավելի վաղ Կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:

Ի դեպ, դեռ սեպտեմբերի 22-ին ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրինագծին: Դրանովառաջարկվում էր 50 տոկոս զեղչել սահմանապահ գյուղերի բնակիչների էլէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարները, ազատել նրանց հողահարկից և անշարժ գույքի գույքահարկից, ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվել համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում, ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացնել ՀՀ պետբյուջեի միջոցներով, ինչպես նաև սահմանապահ համայնքներին պետբյուջեի միջոցներից ամենամյա օգնություն տալ՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---