Հայ որբերի գորգի ցուցադրումը բարկացրել է թուրքերին. Աշխարհը նախապատրաստվում է 2015-ի հզոր արշավին

Հայ որբերի գորգի ցուցադրումը բարկացրել է թուրքերին. Աշխարհը նախապատրաստվում է 2015-ի հզոր արշավին

PanARMENIAN.Net - Ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների գործած գորգի ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում բողոքի ու դժգոհության տեղիք է տվել թուրքական տարբեր շրջանակներում: Գորգը հյուսել են ԱՄՆ-ի օգնությամբ հիմնված որբանոցի հայ սաները և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության` նվիրել նախագահ Քելվին Քուլիջին:

Սպիտակ տան այցելությունների սրահում երեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ցուցադրության է դրվել Գազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը, որը հայտնի է որպես Հայ որբերի գորգ: Երկար սպասված ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: Այն բացվել է Կոնգրեսի մամուլի ասուլիսով, որն անցկացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դևիդ Վալադոն:Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»:

Ցուցադրությանն անդրադարձել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Էրոլ Քյուրքչուօղլուն` վրդովմունք հայտնելով գորգի ցուցադրման կապակցությամբ: Նրա համոզմամբ` այդ և նման այլ քայլերով հայկական աշխարհը պարզապես նախապատրաստվում է 2015-ի հակաթուրքական հզոր արշավին:

Քյուրքչուօղլուն, շարունակելով Անկարայի ավանդական ժխտողականությունը, պնդել է, որ որբ էին ոչ թե հայ երեխաները, այլ` թուրք մուսուլմանները: Հայ որբերի գորգի ցուցադրությունը նա համարում է պատրվակ թուրքերի դեմ ոխ ու ատելություն սերմանելու համար, գրում է Ermenihaber:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այցելել է գորգի ցուցադրությանը նախքան ասուլիսը և հետևյալ հայտարարությունն արել.«Հայ որբերի գորգի այսօրվա ցուցադրությունը Սպիտակ տանը վկայում է ամերիկացի ժողովրդի մեծահոգության մասին, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկել է Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր վերապրածների, այդ թվում՝ հայ որբերին, ովքեր ստեղծել են արվեստի այս եզակի գործը:

Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ խուսափողական բառերի օգնությամբ արվեստի և պատմության կարևոր այս աշխատանքը զրկվում է իր բարոյական և պատմական իմաստից: Այն զրկում է նաև այցելուներին՝ Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալու և ապագայում նմանատիպ վայրագությունները կանխելու հնարավորությունից»:

Հայ որբերի գորգը՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4.000.000 ձեռագործ հանգույց ունի, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում:

Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից արգելված ցուցադրությանը, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի Հայ որբերի գորգի ցուցադրությունը:

2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել Հայ որբերի գորգը՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---