2015-ին Արցախում ծխախոտագործության ծավալը կկրկնապատկվի

2015-ին Արցախում ծխախոտագործության ծավալը կկրկնապատկվի

PanARMENIAN.Net - Արցախի կառավարությունն աջակցելու է այս տարվա ընթացքում կորուստներ կրած ծխախոտագործներին, որպեսզի 2015-ին նրանք կարողանան մշակել դաշտերը: Այդ մասին վարչապետ Արա Հարությունյանն ասել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են ընթացիկ տարում արձանագրված խնդիրների լուծման ուղիները և Մարտունիի շրջակայքում այդ ճյուղի հետագա զարգացման հնարավորությունները:

Հարությունյանը, կարևորելով նշյալ ճյուղի նշանակությունը նաև աշխատատեղերի ստեղծման գործում, հայտարարել է ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ կառավարության և «Մասիս տոբակո» ընկերության ծրագրերի մասին: Ըստ պայմանավորվածության՝ Մարտունիում կառուցվելու է ծխախոտի մթերման կայան, իսկ դաշտերի ընդհանուր ծավալը կհասցվի մոտ 200 հեկտարի:

Մարտունու շրջան այցի ընթացքում վարչապետը տեղում ծանոթացել է Բերդաշենի ենթաշրջանում ծխախոտագործության ոլորտի հաջողություններին և ի հայտ եկած խնդիրներին, պատասխանատուների հետ քննարկել ծխախոտագործության զարգացման և արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցերը:

2014-ին Արցախում մշակվել է ծխախոտի մոտ 100 հեկտար դաշտ, որի միջին բերքատվությունը համեմատաբար ցածր էր՝ պայմանավորված հիմնականում երաշտային եղանակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Մարտունու սակավաջուր շրջանում ոռոգման հուսալի ցանց ձևավորելու մանրամասները: Այդ կապակցությամբ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է արտեզյան որոշ հին հորերի վերականգնման, ինչպես նաև մի քանի նոր հորերի հատման նախագծեր: Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ այդ հարցը կառավարության հոգածության ներքո է, և կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի շրջանի ոռոգման ջրի խնդիրը: Նրա խոսքով՝ արտեզյան հորերի կայուն ցանցի վերականգնումը կխթանի թե ծխախոտագործությունը, թե այգեգործության զարգացումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ առողջապահության նախարարությանը կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կզբաղվի ծամելու կամ հոտ քաշելու համար նախատեսված թութունի արգելման կարգի մշակմամբ: Խմբում կընդգրկվեն ՄՄ անդամ 3 երկրի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Առողջապահության նախարարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որի նպատակն է համապատասխան համաձայնագրի մշակումը՝ Մաքսային միության շրջանակում, որպեսզի արգելվի ծամելու և հոտ քաշելու համար նախատեսված թութունի ազատ շրջանառությունը: Տեխնիկական ռեգլամենտը, որը երկար քննարկվեց և ընդունվեց նախորդ շաբաթվա ավարտին, անվտանգության և մակնշման պահանջներ է ներկայացնում ՄՄ-ում: Այդ փաստաթղթում վերոնշյալ թութունի տեսակները չընդգրկվեցին: Արգելքը որոշվեց կիրառել անդամ երկրների միջև լրացուցիչ համաձայնագրով:

Կարդացեք նաև՝ Արցախը հավակնում է 7 տարի անց դառնալ սև խավիարի ամենախոշոր արտահանողներից մեկը

Photo: Panoramio
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---