ՌԴ-ն պատրաստվում է առաջ տանել ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը

ՌԴ-ն պատրաստվում է առաջ տանել ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստվում է առաջ տանել Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու շվեյցարական Բազել քաղաքում դեկտեմբերի սկզբին:

Լավրովը նշել է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այս շաբաթ Մոսկվա այցի ժամանակ առաջարկել է «երկխոսություն հաստատել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև»:

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն «արդեն չի դիտվում որպես էկզոտիկա»:

«Այդ ամենը դարձել է դիվանագիտության և իրական քաղաքականության մաս: Դեռևս քննարկման մակարդակով, բայց ես համոզված եմ, որ մենք կհասնենք նրան, ինչն արդեն այժմ սկսել են կոչել «ինտեգրումների ինտեգրում»»,- ասել է նա:

Դա է լինելու թեմաներից մեկը, որ Ռուսաստանը ցանկանում է առաջ տանել Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը շաբաթ օրը Մոսկվայում արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ասամբլեայի նիստում:

Հոկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրամիության հետ ազատ առևտրիգոտու ստեղծման հարցը:

«Կարծում եմ, որ սթափ դատող մարդիկ Եվրոպայում չեն վիճարկի այն դրույթը, որ Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների շտկմանը խելամիտ այլընտրանք չկա»,-հայտարարել է Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Ինտերֆաքսը: «Առաջ տանելով եվրասիական ինտեգրումը, մենք բաց ենք համագործակցության համար մյուս երկրների, տարածաշրջանային այլ միավորումների հետ: Պատրաստ ենք քննարկել Եվրամիության հետ առևտրի ազատ գոտու ստեղծման հեռանկարները»,-հայտարարել է նախարարը:

Ըստ Լավրովի, Մոսկվան ու Բրյուսելը պետք է բարելավեն հարաբերությունները, առավել ևս այն պայմաններում, երբ ԵՄ ու Ռուսաստանի սահմաններից դեպի հարավ բարձրանում է ծայրահեղականության ու ահաբեկչության ալիք: «Գործակցության խորացման ճանապարհին մենք կրկին ու կրկին բախվելու ենք խոչընդոտների, եթե չորոշենք մեր հեռահար նպատակները: Մոսկվայում շարունակում են կարծել, որ նման բնական նպատակ պետք է լինի միասնական տնտեսական ու հումանիտար տարածքի կառուցումը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ՝ հենվելով հավասար ու անբաժանելի անվտանգության կառուցման վրա»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նախկինում նման հայտարարություններ հնչել են նաև Բրյուսելից: Մասնավորապես, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի սկզբին հայտարարել է, որ հեռանկարում անհրաժեշտ կլինի առևտրի ազատ գոտի ստեղծել ԵՄ և այն ժամանակ դեռ Մաքսային միության միջև: Նման հայտարարություն նա արել էր Yes համաժողովի շրջանակում «ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Բա՞րդ է, թե անհնար» թեմայով բանավեճի շրջանակում: Համաժողովը նվիրված էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նոր անդամներին ու անդամակցությանը ՄՄ-ին:

Ընդ որում, ԵՄ-ում բազմիցս են նշել, որ անհնար է միաժամանակ լինել ՄՄ կամ ԵՏՄ անդամ և ԵԿ հետ ասոցացման համաձայնագրի մասնակից: 2013-ին Բրյուսելը մերժեց Երևանի առաջարկն Ասոցացման մասին համաձայնագրի միայն քաղաքական մասը ստորագրելու վերաբերյալ՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին որոշումից հետո:

ԵՏՄ ու ԵՄ մասին տարաձայնություններն Ուկրաինայում հակամարտության պատճառներից մեկը դարձան: Նախագահ Յանուկովիչը, որը մտադիր էր ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը 2013-ի նոյեմբերին՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, փոշմանեց վերջին պահին, ինչին հաջորդեց Մայդանը, որն ավարտվեց այունալի ու զանգվածային բախումներով Կիևի փողոցներում, Յանուկովիչի փախուստով, ՌԴ-ին Ղրիմի միացումով ու պատերազմով Դոնբասում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---