Հայ խոհարարներն ու հայկական ուտեստները՝ հայտնի food-լուսանկարչի նախագծում

Հայ խոհարարներն ու հայկական ուտեստները՝ հայտնի food-լուսանկարչի նախագծում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի վերջին Երևանում food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, որին The British Journal of Photography-ն դասել էր իր ոլորտում 100 լավագույնների շարքում, վարպետության դաս անցկացրեց: Բայց Հայաստան նրա այցի գլխավոր նպատակը բոլորովին այլ էր: Խոհարար ու Food Adventures-ի հիմնադիր Աննա Մազմանյանն Ալեքսանդրին հրավիրել էր մեր երկիր այցելել լուսանկարչի Food & Chef նախագծի շրջանակում, որտեղ նա ներկայացնում է տարբեր երկրների շեֆ-խոհարարներին, նրանց պատրաստած ուտեստներն ու դրանց բաղադրատոմսերը: Ինչպես Աննա Մազմանյանը պատմեց PanARMENIAN.Net ին, հայկական խոհանոցը պրոպագանդելու մտահղացումն առաջացել էր մոտ 2 տարի առաջ, երբ որոշեց՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը ճանաչեն նաև որպես գաստրոնոմիական երկիր:

Ոլորտի մասին տեղեկություններ հավաքելուց հետո Աննան սոցկայքերում նկատել է Ալեքսանդրի ֆոտոնախագիծն ու որոշել, որ Հայաստանը պետք է դրա մի մասը դառնա: Նրա նպատակներից մեկն է ամբողջ աշխարհից գրավել գաստրոնոմիական ճամփորդությունների սիրահարների ուշադրությունը: Բայց, ըստ Աննայի, ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վրա անհրաժեշտ է աշխատել. և այնուամենայնիվ, առաջին քայլերն արդեն արված են:

Այսպիսով, Աննա Մազմանյանն ուղեկցել է Ալեքսանդր Սլյադնևին Հայաստանով գաստրոնոմիական տասնօրյա շրջագայության ամբողջ ընթացքում, որի շրջանակում նրանք եղել են ՀՀ մի շարք մարզերում, լուսանկարել 10 շեֆ-խոհարարի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին 3-ից 5 ուտեստ է ներկայացրել: Այդ ընթացքում Սլյադնևն իր բլոգում ամեն շրջանի մասին գրառումներ է արել, բայց իր աշխատանքի գլխավոր մասը դեռ ցույց չի տվել:

«Այժմ որակյալ լուսանկարներ ունենք, որոնք շուտով կհրապարակվեն, ու մարդիկ կիմանան, թե ինչ հայկական ուտեստներ կան: Ուղղակի ֆիզիկապես չհասցրեցինք այցելել բոլոր շրջաններ, ինչը, սակայն, առիթ կդառնա, որ Ալեքսանդրը ևս մեկ անգամ Հայաստան այցելի՝ ուզում ենք ցույց տալ հայկական խոհանոցի ամբողջ բազմազանությունը»,- նշեց Աննան:

Ուտեստների ու խոհարարների ցանկը, որոնք պետք է ընդգրկվեին նախագծում, Աննան ինքն է կազմել: Նրա խոսքով, ընտրել է ուտեստներ, որոնք «ծեծված» չեն: Այն օրերի ընթացքում, որ տարբեր շրջաններ էին այցելում, հասցրել են լուսանկարել խաշը, թոնրում եփված գառան միսն ու աճարով շիլան, Սևանի խեցգետնի վզիկներով սուպ-կրեմը, հարիսան, լոբիով աղցանը, Դիլիջանի լահմաջոն, ազնվամորու տերևներով փաթաթված տոլման, Գորիսի փախլավան և այլն:

«Կանխամտածված չենք լուսանկարել խորովածն ու նման ուտեստներ: Շատ կարևոր է, որ իրենք՝ հայերն իմանան, թե ինչպիսի բազմազան խոհանոց ունենք, ու այլևս ոչ մի տեղ ու ոչ մի դեպքում չասեն, որ մեր խոհանոցը չունենք: Չենք լուսանկարել նաև այն ուտեստները, որոնք հայերի համար արդեն ավելի շատ ֆասթֆուդ են դարձել»,- նշել է նա:

Հետագա պլաններն արդեն կազմել են՝ Սլյադնևի ևս մեկ այցը Հայաստան, թեմատիկ սեմինարներ, վարպետության դասեր, workshop-եր, որոնց մասնակցելու կհրավիրեն այն խոհարարներին ու սպասավորներին, «որոնք իրենց աշխատանքն արժանի են համարում ու կարծում, որ մարդկանց ծառայություններ մատուցելը հաճելի է»:

«Ինչպես ասվում է Լոզաննայի հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների բարձրագույն դպրոցի հայեցակարգում, զբոսաշրջության ու հյուրանոցային ծառայությունների ոլորտում կարող է աշխատել միայն այն մարդը, որը պատրաստ է ծառայություններ մառուցել մեկ ուրիշին ու հաճույք է ստանում դրանից: Պետք է, որ հաճախորդը գոհ հեռանա, և մեր երկրում պետք է մարդկանց սովորեցնել հենց այդ կետն ապահովել»:

Աննա Մազմանյանը համոզված է, որ այսօրվա դրությամբ սոցկայքերն աշխարհում ամեն տեսակի արտադրանք գովազդելու լավագույն միջոցն են, ու դրանք կարող են Հայաստանին գաստրոնոմիական միտում տալ: Ինչպես նա եզրափակեց, գլխավոր նպատակն է օգնել Հայաստանում այնքան զարգացնել հյուրանոցային ու գաստրոնոմիական ոլորտները, որ ամբողջ աշխարհում մարդիկ սկսեն ճանաչել մեր երկիրն իր խոհանոցի միջոցով ու, թեկուզ հանգստյան օրերին, հատուկ գան ՀՀ՝ փորձելու տեղի ուտեստներն ու հանգստանալու հյուրանոցներում:

Հ.Գ. PanARMENIAN.Net ը զրուցել է նաև Ալեքսանդր Սլյադնևի հետ, որը պատմել է իր նախագծի, հայկական խոհանոցից տպավորությունների ու, առհասարակ, food-լուսանկարչության մասին: Հարցազրույցը կհրապարակենք մոտակա օրերին:

Photos from Aleksandr Slyadnev's Blog
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---