System Of A Down-ը 2015-ի ապրիլին բացօթյա համերգ կտա Երևանում (թարմացված)

System Of A Down-ը 2015-ի ապրիլին բացօթյա համերգ կտա Երևանում (թարմացված)

PanARMENIAN.Net - Ամերիկյան System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում:

Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. համերգ-ակցիան ուղղված Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:

«Խումբը, ինչպես գիտեք, երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանացել ամբողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում: Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքները»,- նշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգողը` հավելելով, որ Հանրապետության հրապարակում համերգը լինելու է անվճար, մեջբերում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ SOAD-ի համերգը Մոսկվայում տեղի կունենա «Օլիմպիյսկի» համալիրում: Տոմսերի վաճառքը մեկնարկում է նոյեմբերի 18-ին:

Սերժ Թանկյանը մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին նոր մեներգերով ու համատեղ նախագծերով: Աշնանը նա էլեկտրոնային պարային երաժշտության պրոդյուսեր Բեննի Բենասիի հետ համատեղ թողարկեց Shooting Helicopters թրեկը: Թանկյանը նաև հայտնի է իր ելույթներով սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մյուս երաժիշտները ևս նրանից հետ չեն մնում: Կիթառահար Դարոն Մալաքյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը կազմակերպել են համատեղ Scars on Broadway նախագիծը: Մինչդեռ SOAD կազմում երաժիշտները նոր ալբոմներ չեն թողարկել 2005-ից ի վեր: Այն ժամանակ նրանք թողարկեցին հինգերորդ ստուդիական «Hypnotize» ձայնասկավառակը:

Սերժ Թանկյանի վերջին համերգը Ռուսաստանում եղել է 2013-ին: Երաժիշտը հանդես եկավ Մոսկվայում սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Երաժիշտը նվագախմբի հետ կատարեց իր «Orca» ալբոմի ստեղծագործությունները, ինչպես նաև սիմֆոնիկ ձևաչափի համար վերամշակված «Elect the Dead» ալբոմը: 2010-ին Թանկյանը համերգով հանդես եկավ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում «Գլոբալիս» սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը հայտնի է աշխատանքով ռուս ռոք երաժիշտների հետ:

System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System") մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը։ Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ։ System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում։ Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։ Խմբի բոլոր անդամները հայեր են:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումը: SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։ Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումըՀայոց ցեղասպանությանը, օրինակ՝ Spiders («Սարդեր») երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։

2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։Վերամիավորվել են 2011 թվականին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---